«Այդ տեղեկատվությունը հանդիսանում է նախաքննության գաղտնիք». ԱԱԾ-ի պատասխանը՝ 168.am-ին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է սկսել Երևանում ու ՀՀ մարզերում՝ տեխզննման կեղծ կտրոնների հայտնաբերման ուղղությամբ: Քաղաքացիներին զանգահարում են ու խնդրում ներկայանալ Ոստիկանության բաժիններ:
168.am-ի հետ զրույցում քաղաքացիներին Ոստիկանության բաժիններ կանչելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տվել էր հետևյալ բացատրությունը. «Այլ գերատեսչությունում (նկատի ունի ԱԱԾ-ն.- Ռ.Մ.) հարուցված քրեական գործ կա, ու դրա շրջանակներում համապատասխան գործողություններ են իրականացվում»:
168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ՝ հետևյալ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով.
Ի՞նչ փուլում է հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Քանի՞ անձի է մեղադրանք առաջադրվել նշված քրեական գործի շրջանակներում, ի՞նչ խափանման միջոց է ընտրվել նրանց նկատմամբ, ՀՀ Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով կամ հոդվածներով է նրանց մեղադրանք առաջադրվել։
Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվե՞լ է արդյոք պատճառված վնասի չափը, բացահայտվե՞լ են արդյոք հանցագործության բոլոր մասնակիցները։
Քրեական գործի նախաքննությամբ տեխնիկական զննության քանի՞ կեղծ կտրոն է հայտնաբերվել։
Պարզվե՞լ է արդյոք՝ քանի՞ քաղաքացու է տեխնիկական զննության կեղծ կտրոն վաճառվել։
Այսօր ստացել ենք մեր հարցումի պատասխանը.
«Ի պատասխան Ձեր 01.11.2016թ. դիմումի՝ հայտնվում է, որ Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը հանդիսանում է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող թիվ 37100716 քրեական գործով՝ նախաքննության գաղտնիք, ուստի նշված տեղեկությունները կարող են հայտնվել Ձեզ միայն նախաքննության ավարտական փուլում»:
Հիշեցնենք, որ այս թեմայի վերաբերյալ ԱԱԾ-ն դեռևս հունիս ամսին հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր.
«Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների վաճառքը հետագայում բացառելու և դրա հետ կապված անհարկի քաշքշուկներից, նյութական կորուստներից քաղաքացիներին զերծ պահելու նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ձեռնպահ մնալ տեխնիկական զննության կտրոնները համայնքների վարչական շենքերում վարձակալած սենյակներից, ապահովագրական ընկերությունների գրասենյակներից, տեխզննման կետերից, ինչպես նաև անհատներից գնելու արատավոր պրակտիկայից և հորդորում է սահմանված կարգով դրանք ձեռք բերել բացառապես ՀՀ բանկերից»: