Քաղաքաշինության ոլորտի հիմնախնդիրները կքննարկվեն համակարգող խորհրդում
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել ընդլայնված քննարկում, որին մասնակցել են ՀՀ Նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, ոլորտի պատասխանատուներ Երևանի քաղաքապետարանից, քաղաքաշինության պետական կոմիտեի առանձին ստորաբաժանումների ղեկավարներ և այլք:
Հանդիպմանը անդրադաձ է եղել առաջիկա ամիսների ընթացքում կոմիտեի օրակարգային խնդիրներին, այդ թվում` ՀՀ կառավարության ծրագրում ներառված շինարարական աշխատանքների գնագոյացման սկզբունքներին, նոր տեխնոլոգիաների կիրառմանը, լիցենզավորման գործընթացներին, փորձաքննության խնդիրներին, շինարարության վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը և այլն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, քննարկման ընթացքում որոշվել է ստեղծել քաղաքաշինության ոլորտում առկա հիմնախնդիրները համակարգող խորհուրդ և խորհրդին կից՝ համապատասխան աշխատանքային խմբեր, որոնք համաձայն մշակված ժամանակացույցի` յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ կներկայացնեն մասնագիտական եզրակացություններ և որոնց արդյունքում կնդունվեն համապատասխան որոշումներ:
Նմանատիպ քննարկումները կկազմակերպվեն հաճախակի և կկրեն պարբերական բնույթ: