Իրաքը դատապարտել է Թուրքիայում քրդական կուսակցությունների դեմ իրականացվող ճնշումները
Պաշտոնական Բաղդադը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավորների ձերբակալությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:
«Դատապարտում ենք քրդերի դեմ կիրառվող ճնշումները եւ կոչ ենք անում ազատ արձակել Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին, Ֆիգեն Յուքսեքդաղին եւ նրանց հետ ձերբակալված բոլոր պատգամավորներին»,- ասվում է Իրաքի նախագահի գրավոր հաղորդագրության մեջ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր նոյեմբերի 4-ին ձերբակալվել էին, ինչը աշխարհում մեծ արձագանք էր գտել:
PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ԱՄՆ-ի հետախուզությունը 1999 թվականի փետրվարի 19ին ձերբակալել էր Քենիայում եւ հանձնել թուրքական կողմին, որը նրան ցմահ ազատազրկման էր դատապարտել Մարմարա ծովի Իմրալի բանտում: