Բաժիններ՝

ՀԿԵ-­ն շահագործման է հանձնել առաջինը ՀՀ-­ում առաջնակարգ վերանորոգում անցած էլեկտրագնացքը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Երևանի լոկոմոտիվային դեպոյում նոյեմբերի 7­-ին շահագործման է հանձնվել Հայաստանում առաջին անգամ «ՏՌ­3» տիպի վերանորոգում անցած էլեկտրագնացքը: Հարավային Կովկասի երկրների մեջ Հայաստանն առաջինն է, որ հնարավորություն ունի էլեկտրագնացքների նման ծավալի վերանորոգում իրականացնել: «ՏՌ­3»-­ը գործարանային ցիկլի վերանորոգում է, որը թույլ է տալիս երաշխավորել էլեկտրագնացքի վազքը 500.000 կմ­-ի համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից ՝ հավելելով. «Էլեկտրագնացքի գործարկման հանդիսավոր մեկնարկի արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ­ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նախարարը շնորհավորեց երկաթուղայիններին աշխատանքային այս հաղթանակի առթիվ: «Էլեկտրագնացքի վերանորոգման ինքնարժեքն արտերկրում կատարվող նույնանման աշխատանքների հետ համեմատած մի քանի անգամ էժան է, դրա հաշվին այս ծառայությունը կարող է մրցունակ գնով առաջարկվել նաև մեր հարևաններին»,­- նշեց Վահան Մարտիրոսյանը:

Նման բարդ տեխնոլոգիական աշխատանքի իրականացումը հնարավոր է դարձել Երևանի լոկոմոտիվային դեպոյի հիմնանորոգման շնորհիվ, որն ընկերությունը ավարտել է 2011 թվականին:

Այս դեպոն երկաթուղու հիմնարար ձեռնարկություններից է: Այստեղ արդեն իրագործվում է Հայաստանի երկաթուղային ցանցում շահագործվող ջերմաքարշերի հիմնական վերանորոգումը, բեռնատար և ուղևորատար վագոնների տեխնիկական զննումը և ընթացիկ վերանորոգումը:

Այսուհետ հայկական բոլոր էլեկտրագնացքները ևս վերանորոգվելու են Հայաստանում, ուստի այլևս հարկ չի լինի դրանք ուղարկել Ռուսաստանի գործարաններ:

Արտադրամասից բացի, նախարարը եղավ նաև երկաթուղու ուսուցման կենտրոնում, որը գործում է 2010-­ից: Այստեղ երկաթուղայիններն անցնում են վերապատրաստման դասընթացներ, սովորում` ինչպես վարվել արտակարգ իրավիճակներում:

Տպավորիչ էր նաև ենթակառուցվածքային ախտորոշման կենտրոնը, որտեղ առկա նորագույն սարքավորումները հնարավորություն են տալիս երկաթուղային գծերի չափման արդյունքները գրանցել թվային կրիչների վրա` վերլուծության և կանխատեսումներ կազմելու համար:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հայտնեց, որ այժմ կառուցվում է կոնտեյներային տերմինալ: Այն երկաթուղուն թույլ կտա բարձրացնել տրանսպորտային ծառայությունների որակը, բարելավել լոգիստիկան, տեղում իրականացնել բեռների մաքսային բոլոր ձևակերպումները: Իսկ տերմինալի ծառայությունները 10 տոկոսով ավելի էժան կլինեն, քան այլ նման կառույցներում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս