«Ո՞նց բացատրել, որ բացում ես ճանապարհը, միլիարդները դնում ես, հետո փակում ես». Արամ Մանուկյան

«Ո՞նց բացատրել, որ բացում ես ճանապարհը, միլիարդները դնում ես, հետո փակում ես»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հարցադրում արեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` խոսելով Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Աշտարակ-Արտաշատ հատվածի մասին, որ 6 տեղում կամուրջների կառուցման համար ճանապարհը փակվել է, անգամ 2 մահացություններ եղան:

Ըստ նրա` ամենամեծ ծախսատար և ամենաանարդյունավետ նախագիծը Հյուսիս-Հարավն է. «Քամին ավելի շատ է, քան ասֆալտը»:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց, որ կամուրջների մասով թերացումներ եղել են, սակայն, ըստ նրա, ճանապարհը վնասված չի, անձամբ ինքը երկու անգամ եղել և ուսումնասիրել է: Նրա խոսքով` այդ հատվածի բացումը ծրագրով հաջորդ տարվա վերջին էր նախատեսվում, բայց բանակցությունների արդյունքում մինչև մայիսի սկիզբ կբացվի, տեղ-տեղ նաև մինչև հունվար: Նա նկատեց, որ այդ բոլոր հատվածներն ապահովված են նշաններով:

Նախարարը հայտարարեց, թե չի կարող ասել «Հյուսիս-Հարավ» նախագիծն արդյունավետ է, թե ոչ. «Ցանկացած ինֆրաստրուկտուրային պրոեկտ գնահատվում է ավարտից հետո»:

Ա.Մանուկյանը հայտարարեց, որ կամուրջները թերացում չի հանարում, այլ հանցագործություն է համարում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ Վարդան Այվազյանը հարցադրում արեց, թե ո՞վ է պատասխան տալու Հյուսի-Հարավի շինարարության խախտումների համար: Ըստ նրա` Հայաստանում ամենաթանկ տեղափոխման գինն է, Սվերդլովսկից մինչև Այրում ավելի էժան է, երբ 2000-ից ավելի կմ է, քան Այրումից Երևան, որը 100-ից ավելի կմ է:

Սակայն միաժամանակ Այվազյանը նախարարին հուշեց, որ կարող է և չպատասխանել իր հարցին: Վահան Մարտիրոսյանն օգտվեց Այվազյանի հուշումից:

Տեսանյութեր

Լրահոս