
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀԿ Կանանց խորհրդի «Հայաստան-25. աշխարհը եւ կանայք» թեմայով համաժողովի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի «Հայաստան-25. աշխարհը եւ կանայք» թեմայով համաժողովի մասնակիցներին:
Ուղերձում ասված է.
«Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Ողջունում եմ բոլորիդ եւ շնորհավորում այս կարեւոր միջոցառման մեկնարկի կապակցությամբ:
Մեր ժողովրդի ողջ պատմության ընթացքում հայ կինը միշտ եղել է հարազատ օջախի եւ ընտանիքի խորհրդանիշը, ազգային ավանդույթների պահպանման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարեւորագույն գրավականը: Անհնարին է պատկերացնել ժողովրդի հարատեւումը, մեր հաղթանակները, սեփական ուժերի նկատմամբ հավատքն ու լավատեսությունն առանց այս արժեքների:
Այսօր էլ հայ կանայք ակտիվորեն ներգրավված են հասարակական-քաղաքական կյանքում, շոշափելի դերակատարություն ունեն պետականաշինության, հայրենիքի պաշտպանության, կրթության, դաստիարակության եւ պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում:
Դա մեծ ձեռքբերում է, որը նաեւ պետության բնականոն զարգացման, քաղաքակիրթ աշխարհի մաս կազմելու անհրաժեշտ պայման է:
Քաղաքական եւ հասարակական ակտիվությամբ հատկապես աչքի է ընկնում Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհուրդը, եւ այս միջոցառման անցկացումը դրա վառ ապացույցներից է:
Համաժողովի ժամանակ քննարկվելիք թեմաները կարեւոր են ու հրատապ, եւ ողջունելի է, որ ձեր աշխատանքներին մասնակցում են նաեւ Արցախի քաղաքական եւ հասարակական դաշտը ներկայացնող կանայք:
Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք, հաջողություններ կյանքում եւ ձեր գործունեության մեջ»: