«ԱԻՄ-ը նախընտրելի է համարում առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել Ժողովրդավարական դաշինքով». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ընտրություններին ընդառաջ՝ դավադիր քաղաքական ուժերը պատրաստել են մի քանի պաշտպանական շերտեր՝ նկատի ունենալով ընտրական օրենքը, ընտրական հանձնաժողովները, դրանց գործունեությունը.

«Ընտրական օրենսգրքով ու Սահմանադրությամբ էլ ապահովագրել են մի գործելակերպ, որով երաշխավորում են իրենց հաղթանակը: Այո, մենք գիտենք, որ Հայաստանում առ այսօր ընտրություններ չեն եղել, համեմատաբար որոշ ժողովրդավարական տարր կար 1990թ. խորհրդարանական ընտրություններում, բայց խորհրդարանի նախագահի ընտրությամբ արդեն սկսեց սրբապղծվել ընտրության գաղափարը Հայաստանում: 1998թ. 2 փուլ եղավ և ընթացքում բողոքներ չեղան, բայց ընդհանուր առմամբ, Հայաստանում դեռևս ընտրություն չի եղել: Այս ընտրություններն էլ ընտրություն չեն լինելու, սակայն, նույնիսկ նրանք, ովքեր ասում են՝ ընտրություններով ոչինչ չի փոխվի, գոնե պետք է ներկայացնեն՝ այդ դեպքում ինչ են առաջարկում»:

Հետևաբար, ըստ Հայրիկյանի՝ այս ընտրությանը պետք է վերաբերվել՝ որպես ազգային ազատագրական մի փուլի. «Իսկ այդ փուլում պետք է այնպիսի գաղափարախոսություն որդեգրել, որն ընդհանրական կլինի»:

Նա ասաց, որ ԱԻՄ-ը նախընտրելի է համարում առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել Ժողովրդավարական դաշինքով. «Ժողովրդավարությունն իր մեջ ներառում է բոլոր խնդիրները»:

168.am-ի հարցին՝ ո՞ր ուժերին է պատկերացնում այդ դաշինքում, նա պատասխանեց, որ բոլոր ուժերին՝ բացի ՀՀԿ ղեկավարությունից. «Ոչ հանրապետականներից, որովհետև ինչ-որ փուլից հետո հանրապետականներն էլ են գալու այս կողմ, այսինքն՝ ՀՀԿ-ն իր ներսում կպայթի, և մի մասը կասի՝ ժողովրդավարություն է ուզում: Ժողովրդավարությունը մի արժեք է, որում կարող են միասին լինել և՛ ձախերը, և՛ աջերը, անգամ՝ ռուսամետները, չնայած՝ այսօրվա ռուսամետը պարտադիր պետք է լինի կամ ֆաշիստ, կամ պուտինիստ»:

Նա նաև նշեց, որ քաղաքական ուժերից արձագանքներ դեռ չկան. «Աշխատանքները սկսվել են երեկվանից, բայց հանրությանը ներկայացնելու արժանի նորություններ դեռ չունենք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս