«Գիտեք` մահն արտահերթ է գալիս, չի սպասում, որ պետպատվերի հերթը հասնի». Նաիրա Զոհրաբյան
«Պետպատվերի համակարգն ապրիլից արդեն չի գործում: Գիտեք` մահն արտահերթ է գալիս, չի սպասում, որ պետպատվերի հերթը հասնի»,- այսօր ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` դիմելով առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին:
Ըստ նրա` համակարգում հեղափոխական լուծում է պահանջվում.
«Ձեր ոլորտում էնքան խնդիր կա, որ ես եթե բոլորը շարադրեմ, այստեղից այսօր դուրս չենք գա»:
Ն.Զոհրաբյանի խոսքով` բժիշկները հիվանդներին իրար «պաս են տալիս», վերջում էլ ուղարկում են կոնկրետ դեղատուն, որտեղից տոկոս ունեն:
Լևոն Ալթունյանը շնորհակալություն հայտնեց բարդ և ծանրագույն հարցի համար և հայտարարելով, որ կսկսի լավ լուրից՝ նշեց, որ Հայաստանում կյանքի տևողությունը տարածաշրջանում ամենաբարձրն է` 71.6 տարի, իսկ, օրինակ, Ռուսաստանում 64 տարի է:
Ըստ նրա` համակարգում աշխատանքի թափանցիկությունը պետք է զուգակցվի արդյունավետությանը: Նա նշեց, որ բյուջեն բավարար է, որ առնվազն 2 անգամ բարելավեն բուժծառայությունների որակը: Լ.Ալթունյանի խոսքով` այսուհետ հենվելու են բժշկական արձանագրությունների վրա, որոնք կհրապարակվեն, և յուրաքանչյուր անձ տեղյակ կլինի, թե ինչ է հասնում իր հիվանդության դեպքում:
Ն. Զոհրաբյանը դժգոհեց, որ պատասխան չստացավ, թեև հասկանալի է` դժվար է առողջացնել մի համակարգ, որ ամբողջությամբ հիվանդ է: Պատգամավորն օրինակ բերեց, որ հիվանդանոցներում տնօրենն աշխատողներին ստորագրել է տալիս աշխատավարձի ստացականը, բայց չի վճարում` ասելով, որ հիվանդներից կվերցնի իր գումարը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի խոսքով` պետպատվերի համակարգում կոռուպցիոն ռիսկեր կան: Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ թե՛ ինքը և թե՛ այն ժամանակ նախարար Դերենիկ Դումանյանը դիմել էին Դատախազություն: Իր պահանջն էր` ստուգել նախարարություն-հիվանդանոցներ կապը.
«Անցել է 3 տարի, Դատախազությունից ինձ ասել են, թե զբաղվում են, բայց որևէ տեղեկություն չկա: Ես Ձեզ չէի դիմի, եթե Դուք արդեն 1-2 տարի աշխատած լինեիք, բայց այժմ ուզում եմ հավատալ, որ Դուք խնդիր ունեք վերականգնելու հասարակության վստահությունը»:
Լ.Ալթունյանը հայտնեց իր զորակցությունը պատգամավորին` միաժամանակ հորդորելով թողնել անցյալը բացահայտելու փորձերը, և նշելով, որ նախարարության գործառույթն այլ որակի հասնելն է:
«Քանի դեռ անցյալը բացահայտված չէ, ներկան հուսադրող չէ,- չհամաձայնեց Լ.Սարգսյանը,- Ընդամենը, քանի որ նախկին նախարարը դիմել է Դատախազություն, Դուք էլ նրա իրավահաջորդն եք, տեղեկանք պահանջեք Դատախազությունից, թե ինչ է արվել այդ ուղղությամբ»:
Ի վերջո, Լ.Ալթունյանը համաձայնեց Դատախազությունից տեղեկանք պահանջել: