
Թուրքական բանակն առաջխաղացում է սկսել թուրք-իրաքյան սահմանին

Թուրք-Իրաքյան սահմանին տեղակայված թուրքական զորամիավորումները եւ տեխնիկան առաջխաղացում են սկսել: Այս մասին հայտնում է թուրքական sabah.com.tr կայքը:
Թուրքական 28-րդ մեխանիզացված հետեւակային բրիգադի զորամիավորումները եւ տեխնիկան Շանլըուրֆայից սկսել է անցնել Սիլոպի շրջան:
Նոյեմբերի 2-ին Իրաքի վարչապետ Հայդար ալԻբադին հայտարարել էր, որ իրաքյան կողմը չի ցանկանում պատերազմել Թուրքիայի հետ, սակայն պատրաստ է դրան:
«Իրաքի օկուպացիան Թուրքիայի մասնատման պատճառ կդառնա: Չենք ցանկանում Թուրքիայի դեմ պատերազմի փաստի առաջ հայտնվել:
Սակայն եթե դեմ առ դեմ դուրս գանք, ապա դրան պատրաստ կլինենք: Այդ ժամանակ Թուրքիային թշնամի կորակենք և ըստ դրա կվերաբերվենք»,- ասել է Իրաքի վարչապետը:
Թուրքիայի եւ Իրաքի միջեւ հարաբերությունները լարվել են այն բանից հետո, ինչ Թուրքիայի մեջլիսը կողմ է քվեարկել Իրաքում շուրջ 2 հազարանոց զինված ուժերի տեղակայման ժամկետի երկարաձգմանը` պատճառաբանելով դա «ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու անհրաժեշտությամբ»:
Թուրքական զորքերը տեղակայված են իրաքյան Մոսուլի Բաշիքայի ռազմաբազայում: Դրանք այդտեղ են հաստատվել դեռեւս 2015 թվականից: