«Իրանում մեզ ասել են` եկեք 10 լումայի չխոսենք ու 1 լումայի գործ անենք, այլ հակառակը». Շավարշ Քոչարյան
«Իրանում մեզ ասել են` եկեք 10 լումայի չխոսենք, 1 լումայի գործ անենք, այլ հակառակը»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ անկեղծացավ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` թվարկելով Իրանի հետ համագործակցության ծրագրերն ու առկա նախագծերը:
Նրա խոսքով` Հայաստանը կարող է Իրանի հյուսիսային շրջաններին էլեկտրաէներգիա մատակարարել, իսկ փոխարենը՝ Իրանը համարժեք չափով էլեկտրաէներգիա կմատակարարի Իրաքին, այսինքն` Հայաստանը կդառնա Իրաքին էլեկտրաէներգիա մատակարարող:
«Լուրջ աշխատանք կատարվում է, և դա է պատճառը, որ հաճախակի այցելություններ են լինում»,- ասաց Շ.Քոչարյանը:
Ըստ նրա` հենց դրական ազդակները եկան, որ Իրանը դուրս է գալու պատժամիջոցներից, ՀՀ նախաձեռնությամբ ստեղծվեց ԵՏՄ-Իրան աշխատանքային խումբ, Հայաստանը փորձում է Իրանի հետ առևտրում ձեռք բերել շահավետ պայմաններ, քանի որ Իրանն ԱՀԿ անդամ չէ, և մաքսատուրքերը շատ բարձր են:
«Մենք բոլորս շատ լավ գիտակցում նք, որ Իրանի հետ հարաբերությունները նաև ազգային անվտանգության խնդիր է, քանի որ մեր երկու հարևանները մեզ պահում են շրջափակման մեջ, որպեսզի Հայաստանը տնտեսապես թուլանա»,- ասաց Շ.Քոչարյանը` կարևորելով Պարսից ծոց-Սև ծով նախագծի իրականացումը, քանի որ տրանզիտն անցնում է Հայաստանով և Վրաստանով: Խոսելով Իրան-Հայաստան երկաթուղու մասին` ԱԳ փոխնախարարը նշեց, որ Իրանը պատրաստ է մեզ ամեն կերպ աջակցել, բայց ոչ ֆինանսապես, քանի որ ինքն էլ մեծ ֆինանսների կարիք ունի: Թե ինչպե՞ս է, որ Իրան-Ադրբեջան ուղին կառուցվում է, Շ.Քոչարյանը նշեց, որ այնտեղ ճանապարհն անցնում է հարթավայրով, և Ադրբեջանն է ֆինանսավորում Իրանում նախագծի իրականացումը: Սակայն, ըստ նրա, Իրան-Հայաստան հարաբերությունները քաղաքակրթությունների երկխոսության փայլուն օրինակ է: