Բաժիններ՝

ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է պատրաստում` ՊՊԾ գնդի դեպքերի վերաբերյալ

«Հուլիսի դեպքերին ականատես եղանք նոր երևույթի, երբ բերման ենթարկելու անվան տակ մարդկանց առևանգել են, փողոցից առևանգում և տանում էին ոստիկանություն: Եվ երկրորդ նոուհաուն ի հայտ եկավ` նրանց տանում էին զորամաս: Ես գիտեմ, որ Ձեզ բողոքներ հասել են նվաստացումների, կտտանքների հետ կապված և այլն: Ոստիկանությունից որևէ պարզաբանում տրվե՞լ է Ձեզ, որևէ գործ հարուցվե՞լ է, թե՞ մոռացվել, գնացել է»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` դիմելով ՄԻՊ Արման Թաթոյանին:

Ա.Թաթոյանը նշեց, որ բերման ենթարկվածների հետ կապված ոչ թե մի քանի տասնյակ, այլ մի քանի հարյուր բողոք են ստացել. «Դիրքորոշումս միանշանակ է` բերման ենթարկվածն ազատությունից զրկված է»: Ըստ նրա` սկզբում, բերման ենթարկելու ժամանակ, իրավունքի խախտումներն ավելի շատ էին, քան հետագայում:

ՄԻՊ-ը հայտարարեց, որ արտահերթ զեկույց է պատրաստում ՊՊԾ գնդի հետ կապված դեպքերի վերաբերյալ, որ շուտով կհրապարակվի. «Բավականին համապարփակ փաստաթուղթ է ստացվում»:

Նրա խոսքով` բերման ենթարկելն ինքնանպատակ չի կարող լինել, կա’մ պետք է վարույթ հարուցվի, կա’մ ինքնապտակ է: Ա.Թաթոյանը նշեց, որ ոստիկանությունից պարզաբանումներ տրվել են, կան կարգապահական պատասխանատվության եթարկված, աշխատանքից ազատված ոստիկաններ:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ՊՊԾ գնդի դեպքերից հետո քանի՞ դեպքում է խափանման միջոցը կալանքն ընտրվել և ի՞նչ վիճակագրություն կա: Նա նշեց, որ բացարձակ անարդար էր ցույցերի հետ կապված կալանավորելը: Ն.Զոհրաբյանի խոսքով` նաև Թաթոյանի միջամտությամբ քրեական  գործ էր հարուցվել, Դավիթաշենի ոստիկանությունում Դավիթ Սանասարյանի և մյուս ակտիվիստներին փորձել էին նվաստացնել` կարգադրելով կոշիկ լիզել:

Ա.Թաթոյանը նշեց, որ այդ ամենը կարտացոլվի իր արտահերթ զեկույցում. «Կալանքների հետ կապված համատեղ աշխատանք ենք արել պատգամավորների հետ: Կալանքը պետք է լինի բացառիկ միջոց և կալանքի դեպքում պետք է անհատական մոտեցման պայմաններում հիմնավոր քննարկվի անձի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հարցը, փախուստի դիմելու հարցը և անձնական այլ հարցեր: Կալանովրումների թիվը ես չգիտեմ, հարցումներ ենք արել, սպասում ենք պատասխանի: Դավիթ Սանասարյանի, Անդրանիկ Ասլանյանի դեպքերի հետ կապված քրեական գործ է հարուցվել, լրացուցիչ հարցում ենք ուղարկել, որ հասկանանք այդ քրեական վարույթն ի՞նչ ընթացք է ստացել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս