
Pixar-ը նոր կարճամետրաժ մուլտֆիլմ է ներկայացրել

Pixar Animation Studios-ը նոր կարճամետրաժ մուլտֆիլմ է ներկայացրել: 6 րոպե տևողության «Piper» մուլտֆիլմը պատմում է մայր թռչունի մասին, որը սովորեցնում է իր փոքրիկին ինքնուրույն սնունդ փնտրել: Այդ ընթացքում նա հանդիպում է դժվարին փորձառության, որը նա պետք է հաղթահարի՝ գոյատևելու համար:
Նշենք, որ «Piper» մուլտֆիլմը շատ իրատեսական է և նկարահանված է հատուկ տեխնոլոգիաների միջոցով:
«Մենք շատ արագ հասկացանք, որ փետուրները Փայփերի գործողություններում կարևոր նշանակություն ունեն, և անիմատորները սկսեցին մանրամասնորեն նկարել դրանք:
Բայց տեխնոլոգիաները նման հնարավորություն չեն տալիս. ստուդիան կարող է պատկերել փետուրների արտաքին ընդհանուր տեսքը, բայց դրանք չունեն այնպիսի միջոցներ, որպեսզի ցուցադրեն մանր բմբուլները կամ փետուրների խոնավությունը: Այսպիսով, անիմատորները կրկնօրինակել են թռչունի մարմինը՝ մուլտֆիլմում առավելագույն բնական պատկեր ստանալու համար: Լուծումը նոր տեխնոլոգիան էր, որը թույլ է տալիս փետուրները պատկերել միլիոնավոր առանձին մանրաթելերից՝ 4-7 մլն մանրաթել թռչունի փոքրիկ մարմնի վրա»,- ասել է մուլտֆիլմի ռեժիսոր Ալան Բարիլարոն, ով Pixar-ին միացել է 1997 թվականին: