Քննիչներն ավարտել են Լոռիում սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքում՝ Ախթալա քաղաքի կամջրի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Անտոնյանին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Ախթալա քաղաքի կամրջի մոտ կրակոցներ են արձակվել ընթացքի մեջ գտնվող «Համեր» և «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաների ուղղությամբ։ Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի հետագա նախաքննությունը, ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ, շարունակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։
Կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքի օրը՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ի երեկոյան՝ 20։30-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ Վ.Անտոնյանն իր ծանոթի հետ, վերջինիս ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցով երթևեկելիս, տեսել է նույն մարզի բնակիչ Վ.Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի և նրա ընկերոջ` Ա.Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաները։
Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Վ.Անտոնյանը հետապնդել է նրանց, ապա հասնելով Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրի հատվածին՝ Ախթալա քաղաքի կամրջի վրա, նախապես իր հետ վերցրած ինքնաձիգից, Վ.Աբգարյանին սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանդիպակաց ուղղությունից բազմաթիվ կրակոցներ է արձակել ընթացքի մեջ գտնվող երկու ավտոմեքենաների վրա, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. կրակոցները դիպել են «Համեր» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներին։
Պարզվել է նաև, որ «Համեր» մակնիշի ավտոմեքենայում դեպքի պահին իրականում գտնվել է ոչ թե սեփականատերը, այլ վերջինիս ընկերը՝ Էդուարդ Պողոսյանը, սակայն ուշ ժամ լինելու և ավտոմեքենայի ապակիները մգեցված լինելու պատճառով Վ.Անտոնյանը չէր նկատել, որ Վ.Ագբարյանը ավտոմեքենայի մեջ չէ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ.Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Հ.Գ. Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ 2016 թվականի մայիսի 19-ին սպանելու դիտավորությամբ կրակոցներ են արձակվել Էդուարդ Պողոսյանի ուղղությամբ, ով ստացած մարմնական վնասվածքների հետևանքով 2016թ. մայիսի 21-ին մահացել է: Նրա սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: