«Նպատակը վերջում բոլորին հանրապետական դարձնելը չէ». Ա. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօրվա ասուլիսի ընթացքում մանրամասներ ներկայացրեց Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի մասին.

«Նախագիծն աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել, պետք է խոստովանեմ, որ անգամ մենք, գիտակցելով այս առաջարկության կարևորությունը, չէինք պատկերացնում, որ այսքան սպասված և պահանջված կլինի մեր կողմից առաջարկվող ոչ ֆորմալ կրթության այս տեսակը ՀՀԿ պատերի ներքո: Մենք ստացանք172 հայտ. բազմաթիվ մարդիկ նաև ուշացրել էին դիմումները և տարիքային սահմանափակման պատճառով պարզապես չէին կարող դիմել: Մեզ համար շատ դժվար էր կատարել ընտրություն: Համապատասխան փաստաթղթերի հիման վրա հարցազրույցի հրավիրեցինք 110 հոգու: Ես զարմացած ու հիացած եմ մեր երիտասարդներով, քաղաքացիներով, որոնց մի մասն անկուսակցական էր»:

Աշոտյանի խոսքով՝ 110 հոգուց քննությունից կտրվել է 6 հոգի. «Հնարավոր չէր այդ 100 պայծառ երեխաներից ընտրել 25 հոգու»:

Նա ընդգծեց, որ դասերը մեկնարկելու են եկող շաբաթ, իսկ այս ուրբաթ լինելու է բաց դաս:

Հարցին՝ մինչ դպրոցի բացվելը շատ էր խոսվում, որ դպրոցում ընդդիմադիր դաշտից դասախոսություն է կարդալու Ստյոպա Սաֆարյանը, հաստատո՞ւմ է նա այդ լուրը, և բացի նրանից՝ ընդդիմադիր դաշտից ովքե՞ր են դասախոսելու, նա պատասխանեց. «Ես չեմ տա ամբողջ ցանկը, որովհետև մեր ազնիվ մղումները երբեմն դառնում են որոշ լրատվականների շահարկման առարկա, բայց մենք այլ գործով ենք զբաղված: Բոլոր դեպքերում, հրավիրվելու են մարդիկ, որոնց քաղաքական հայացքները միշտ չէ, որ համընկնում են հանրապետականների հետ: Դպրոցի իմաստը քարոզչությունը չէ, դպրոցի նպատակը վերջում բոլորին հանրապետական դարձնելը չէ: Մեր խնդիրն այլ հարթության մեջ է: Դպրոցի առաքելությունն է՝ հնարավորություն ստեղծել քաղաքական և քաղաքացիական ոչ ֆորմալ կրթության համար»:

Տեսանյութեր

Լրահոս