
Կենսաթոշակային հիմնադրամներում կուտակված գումարների 60-70%-ը ներդրվել է Հայաստանում, մնացածը` արտերկրում. նախարար

Այսօր ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե կենսաթոշակային կուտակային համակարգն արդեն երկար ժամանակ է գործում, ի՞նչ ներդրումներ են արվել, ի՞նչ արդյունքներ կան:
Ա.Ասատրյանը խոստացավ տեղեկանք տրամադրել և նշեց, որ Կենտրոնական բանկը վերջերս նաև տեղեկատվություն էր տրամադրել կուտակային ֆոնդերի աշխատանքի եկամտաբերության հետ կապված:
«Նախորդ ժամանակաշրջանում 10% նվազագույն եկամտաբերութամբ աշխատել են ֆոնդերը: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտնելու համակարգ և իր անհատական հաշիվները ստուգելու»,- ասաց Ա.Ասատրյան:
Նա հայտնեց, որ կենսաթոշակային հիմնադրամներում կուտակված գումարների 60-70%-ը ներդրվել է Հայաստանում, մնացածը` արտերկրում, արժեթղթերում: