
Քանի՞ գործազուրկ է ընդունվել աշխատանքի. Աշխատաշուկայում դիսբալանս կա

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «փայլուն» նախաձեռնությունը` 18 հազար դրամ գործազրկության նպաստի վերացումը, որ այդ գումարով իբր գործազուրկները կուսուցանվեն և կապահովվեն աշխատանքով, ի՞նչ արդյունք կա, քանի՞ մարդ է անցել այդ ուսուցողական ծրագրերը և տեղավորվել աշխատանքի:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ ամեն տարի զբաղվածության մոնիթորինգի արդյունքները ներկայացնվում են պետբյուջեում: Ըստ նրա` այս տարի 969 անձ ընդգրկվել է ծրագրում, որոնց 87.2% դարձել է կայուն զբաղված, այսինքն` դարձել է վարձու աշխատող, աշխատավարձ է ստացել, եկամտահարկ է վճարել, ինչը սպասվածից ավելին է:
«Իհարկե, աշխատաշուկայում կա դիսբալանս, բայց պետական ծրագրերը սոցիալական ոլորտի ուղղված են աշխատաշուկայում բացառապես անմրցունակ անձանց` երկարատև գործազուրկներին և այլն, որոնք չեն կարողանում իրենց տեղը գտնել աշխատաշուկայում: Միջոցները սահմանափակ են: Այս ծրագրեն ապահովում են 75% և ավելի կայուն զբաղվածության գործակից»,- ասաց Ա.Ասատրյանը: