««Պոբեդա» ավիաընկերության թռիչքների ժամանակ օդանավում սնունդն ու ըմպելիքներն անվճար չեն լինի, կլինի առանձին գին ուղեբեռի համար»
Քաղավիացիայի գլխավոր վարչության Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ բյուջետային ավիաընկերությունների հետ իրականացվող ծրագրերը սկսվել են դեռևս 2013թ. վերջից, երբ ընդունվեց «բաց երկնքի» քաղաքականությունը. «Մենք երկար ժամանակ չէինք կարողանում հասնել նրան, որ որևէ բյուջետային ավիաընկերություն սպասարկի մեր շուկան, բայց հիմա մեկ ավիաընկերություն հայտարարել է, որ պատրաստ է սպասարկել Գյումրիում «Շիրակ» օդանավակայանը: Աշխատանքներ են տարվում, որ սա միակը չլինի»:
Նրա խոսքով՝ «Պոբեդա» ավիաընկերության կողմից նախատեսվում են թռիչքներ միայն Գյումրիից Մոսկվա, իսկ այլ ուղղությունների համար հայտ դեռևս չի ներկայացվել. «Նախնական տվյալներով՝ շաբաթական երեք չվերթ է նախատեսվում: Հնարավոր է՝ որոշակի փոփոխություններ լինեն, քանի դեռ հենց ավիաընկերության կողմից վերջնական հայտ չունենք: Ինչ վերաբերում է երթուղիների ցանցին, ապա նույնիսկ, եթե Մոսկվա է այս ուղղությունը, ապա հնարավորություն ենք ունենում Մոսկվայից այլ ուղղություններ շարունակել: Եթե այստեղից Մոսկվա այսքան մատչելի է, ապա մեր ուղևորության գինը, փաստորեն, ավելի մատչելի կստացվի»:
Նա նաև ընդգծեց, որ բյուջետային ավիաընկերությունների մատուցած ծառայությունների որակն ավելի ցածր է, քան դասական ավիաընկերություններինը. «Դա նորմալ է, որովհետև տարբեր ծառայությունների դեպքում ավիաընկերությունը միջոցներ է խնայում, ծառայությունների մատուցման քանակն է կրճատում: Այս դեպքում օդանավում սնունդն ու ըմպելիքներն անվճար չեն լինում, միշտ լինում է առանձին գին ուղեբեռի համար: Բացի դրանից՝ սպասարկում է ոչ բարձրակարգ օդանավակայաններում: Օրինակ՝ մեզ մոտ «Զվարթնոցը» բարձրակարգ օդանավակայան է, իսկ այս դեպքում մեր շուկան ընտրած բյուջետային ընկերությունն ընտրել է «Շիրակ» օդանավակայանը: Շատ ենք լսում կարծիքներ, որ, եթե բյուջետային ավիաընկերություն է, ուրեմն՝ մատուցվող ծառայությունների ցածր որակը ենթադրում է նաև անվտանգության խնդիրներ, բայց դա այդպես չէ: Չի կարող այնպես լինել, որ որևէ ավիաընկերություն, լինելով ոչ անվտանգ, հավաստագրվի իր երկրի կողմից և թույլատրվի շահագործվել այլ երկրի երթուղում»:
Նա ընդգծեց՝ եթե ապացուցվի, որ որևէ ավիաընկերություն դեմպինգ է անում շուկայում, ապա դրան համապատասխան ընթացք կտրվի: