«Ընդվզումը ենթադրում է քաղաքացիական անհնազանդության բոլոր լեգիտիմ միջոցները». Ալեք Ենիգոմշյանը՝ «Սասնա ծռերի» ճանապարհային քարտեզի մասին

««Հիմնադիր խորհրդարանը», «Սասնա ծռեր» խմբավորումն ու շարժումը, տարբեր քաղաքական գործիչներ, քաղաքացիներ միշտ էլ ասել են, որ մեր երկրում իշխանափոխության խնդիր կա, որովհետև այսօրվա իշխանությունն ամբողջությամբ դեմ է գնում պետության և ժողովրդի շահերին: Բայց միշտ ասել ենք, որ, բացի իշխանափոխության խնդրից, ունենք իսկական հայկական պետություն ստեղծելու խնդիր: Այդ պատճառով էլ ստեղծվել է «Նոր ՀՀ-ի հիմնադրման ճանապարհային քարտեզ» փաստաթուղթը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Նրա խոսքով՝ փաստաթուղթը ներառում է երեք կարևոր կետ. «Ինքնիշխան երկիր դառնալ՝ ապագաղութանալ, Արցախի հարցը լուծել, այսինքն՝ իրավական ճանապարհով միավորել Հայաստանին, կենսունակ երկիր ունենալու նախադրյալներ: Եթե այս երեքը չամբողջացվեն, սովորական իշխանափոխությունը քիչ բան կփոխի: Իշխանափոխությունից հետո պետք է երեք կարևոր նպատակներն իրականացվեն, ու միայն դրանից հետո մենք կարող ենք ասել, որ ունենք նոր հանրապետություն»:

Արմենակ Կյուրեղյանն էլ հավելեց, որ այս ճանապարհային քարտեզն ուղղված է միայն նրան, որ ցույց տա, թե շարժումն ուր է գնալու, ինչ է ստեղծելու, և ինչ երաշխիքներ են լինելու ազգային, ժողովրդավար պետության ստեղծման համար. «Ծրագրում նշված է, որ այն ենթակա է քննարկման, և առաջարկություններ ունեցող քաղաքացիները կարող են «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում գրել իրենց առաջարկները»:

Խոսելով այն մասին, թե ինչից են սկսելու, որոնք են լինելու իրենց քայլերը, Ալեք Ենիգոմշյանը պարզաբանեց. «Տրամաբանականորեն պատկերացվում է երկու փուլ. Իշխանափոխության իրականացում ու դրանից հետո երկու տարվա տևողությամբ անցումային փուլ, որի ընթացքում այդ երեք նպատակները պետք է իրականացվեն»:

Իրենց ծրագրերի իրականացման ժամկետների մասին նա դժվարացավ որևէ հստակ բան ասել, իսկ դրանց իրականացման մեթոդների մասին նշեց. «Մենք գիտենք, որ մեր ժողովրդի համար արդեն վաղուց ապացուցված է, որ այս վարչախմբի օրոք ընտրություններ չկան, դրանք միշտ կեղծ են, ու առաջիկա ընտրությունն  էլ կեղծ է լինելու: Հետևաբար, հույսը դնել ընտրության միջոցով իշխանափոխության հասնելու վրա, անիրական է: Երբ ժողովրդավարական միջոցներով փոփոխություն իրականացնելն անհնար է, ժողովրդի արդար և լեգիտիմ իրավունքն է՝ ընդվզման ճանապարհով դրսևորել իրենց պայքարն ու հասնել իրական փոփոխությունների: Ընդվզումը ենթադրում է քաղաքացիական անհնազանդության բոլոր լեգիտիմ միջոցները»:

Հարցին՝ եթե ժողովուրդը ոտքի չկանգնի ու իրենց կողքին չլինի, ի՞նչ են անելու, նա պատասխանեց. «Շարժման կայացումն ու ծավալումը չի ենթադրում միայն փողոցային ակցիաներ կազմակերպել: Դա կարևոր մաս է, բայց կարևոր այլ մասեր էլ կան: Մի անգամվա ակցիայի մասին չէ խոսքը, այլ շարժման մասին է խոսքը: Մենք հուլիս ամսվա ընթացքում տեսանք, որ ժողովուրդն իր ճնշումը շատ ազդու կերպով ի գործ դրեց: Եթե հիմա դա  չկա, չի նշանակում, որ չի լինելու»:

Նա նաև նշեց, որ Ժիրայր Սէֆիլյանն առաջինն է ստորագրել այդ փաստաթղթի տակ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս