Ոստիկանության դամոկլյան սուրը. քանի՞ ոստիկան կա Հայաստանում

ՀՀ ոստիկանության 2017թ. պահպանման ծախսերը նախատեսվել են 36,413.0 մլն դրամի չափով, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը:

ՀՀ Ոստիկանության 2017 թվականի պահպանման ծախսերի կառուցվածքը հետևյալն է. աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների և քաղաքացիական ծառայողների պարգևատրումները 2017թ. ծրագրավորվել են 31,658.9 մլն դրամի չափով, որը 2016թ. պետական բյուջեի նկատմամբ աճել է 3,2 մլն դրամով:

«Քանի՞ ոստիկան ունենք մենք»,- հասարակությանը հուզող այս հարցն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ուղղեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին:

Վերջինս պատասխանեց, որ թվերը գաղտնի են, չի կարող հնչեցնել:

«Ըստ մեր մեթոդաբանության և մեր ունեցած թվերի, մենք բավականին լավ դիրքերում ենք այն տեսանկյունից, որ միշտ շահարկվում է, թե Հայաստանում ոստիկանների թիվը չափազանցված է: Ըսկի էլ էդպես չի»,- հայտարարեց Վ.Եղիազարյանը` օրինակ բերելով, որ ՀՀ-ում 100 հազար բնակչին ընկնող ոստիկանների թիվը պակաս է Հունգարիայից, Բուլղարիայից, Մակեդոնիայից, և այլն, մոտ է Էստոնիային, Ավստրիային, Սլովենիային, և ցածր է՝ Դանիայի, Իռլանդիայի, Ֆինլանդիայի և Նորվեգիայի համեմատ:

«Մենք սկզբունքորեն համաձայն չենք այն կարծիքին, որ Հայաստանում իբր թե չափից ավելի ոստիկանական ուժեր կան»,- ասաց փոխոստիկանապետը` նշելով, որ Ոստիկանության ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 1.28%-ը:

Նա նկատեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Ոստիկանությունը մեծ վնասներ է կրել` 300 մլն դրամի չափով, որից կառավարությունը արտաբյուջեի հաշվին փոխհատուցել է միայն 100 մլն դրամի չափով:

Տեսանյութեր

Լրահոս