«Սիրանո՛ւյշ, մի հատ կրակի». Արմեն Երիցյանը՝ հակակարկտային կայանների աշխատանքի մասին
Հայաստանում տեղադրված են 496 հակակարկտային կայաններ, բայց դեռ 5 հազար կայանի կարիք կա: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Ըստ նրա` ԽՍՀՄ ժամանակաշրջանում ՀՀ-ում եղել է 11 ռադիոլոկացիոն կայան, և այժմ պետք է ավելացնել: «Այս ամենը գտնվում է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում, և նա հարց է բարձրացրել ՌԴ նախագահի մոտ, շուտով մեզ 2-ը կնվիրեն»,- ասաց նա:
Ա.Երիցյանը նշեց, որ կայան տեղադրելը մեծ գումարների հետ է կապված, 1 ռադիոլոկացիոն կայանի արժեքը 1.5 մլն դոլար է:
Նրա խոսքով` հակակարկտային կայանները խելամիտ չեն տեղադրված, մեկը դրել է իր տան կողքին, մյուսը` ուր հարմար է գտել, բայց պետք է հատուկ հաշվարկով տեղադրել: Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր մարզ տարեկան 2-3 մլրդ դրամի կորուստ է ունենում, իսկ մեկ կայանն արժե 3.5-4 մլն դոլար. «Բայց երբ տեսնում են, որ կարիք կա, ուզում ենք, գինը բարձրացնում են»:
«Պետք է նայել, տեսնել` կարելի՞ է կրակել, թե՞ ոչ, ոչ թե մեկը զանգի կնոջը, ասի` Սիրանո՛ւյշ, մի հատ կրակի»,- ասաց Ա.Երիցյանը` նկատելով, որ սխալ կրակելու դեպքում կարող է ոչ կարկտաբեր ամպերը վերածվեն կարկտաբերի: