«Հայաստանում այժմ տարածված է սուր շնչառական վարակիչ հիվանդություն՝ ռինովիրուս». Արա Ասոյան
«Հայաստանում այժմ տարածված է սուր շնչառական վարակիչ հիվանդություն՝ ռինովիրուս: Վիրուսային հիվանդությունները տարածողներն ամենաշատը դպրոցականներն են, բայց հիմա դպրոցներում արձակուրդ է, ու դա կնպաստի, որ հիվանդությունը չավելանա: Այդ վիրուսին բնորոշ բարդություններն են թոքաբորբը, հայմորիտը: Այս պահին մտահոգիչ դեպքեր չկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
Նրա խոսքով՝ հնարավոր չէ վիրուսակիրների հստակ թիվն ասել, որովհետև շատերը չեն դիմում բժշկի. «Մենք իրական ստատիստիկային չենք տիրապետում»:
Նա խորհուրդ է տալիս բոլոր վիրուսակիրներին՝ կիրառել շնչադիմակներ. «Եթե հիվանդ եք, ունեք ջերմություն և այդ հարբուխային երևույթները, խնդրում եմ, երեխաներին թույլ մի տվեք գնալ դպրոց, ուսանողներին՝ բուհեր, իսկ դուք էլ մի գնացեք աշխատանքի: Ծայրահեղ դեպքում, եթե ստիպված եք գնալ աշխատանքի, գոնե շնչադիմակներ կրեք: Փողոցում դիմակն կրելն անիմաստ չէ, քանի որ այդ հարուցիչը 120 սմ-ի վրա կարող է մարդուն վարակել: Դիմակը 8 ժամը մեկ պետք է փոխել, որովհետև իր ֆիլտրող հատկությունը կորցնում է»:
ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը միևնույն ժամանակ նկատեց՝ կոնկրետ գրիպի հարուցիչ այս պահին Հայաստանում չկա. «Ռինովիրուսը գրիպանման հիվանդություն է, նույնպես ուղեկցվում է ջերմությամբ, թուլությամբ, լինում է քթից արտադրություն. գրիպանման հիվանդություն է, բայց բուն գրիպ չունենք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: