
Չավուշօղլուն և Քերին քննարկել են Պետդեպի՝ Ստամբուլից ամերիկացի դիվանագետների ընտանիքների հեռանալու կոչը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է Anadolu գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրներին:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ իշխանությունների որոշումը, որը կոչ է արել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների ընտանիքների բոլոր անդամներին լքել Թուրքիան:
Քննարկվել է նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում:
Հիշեցնենք, որ գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ ծայրահեղական խմբավորումները նախկինի պես ստամբուլաբնակ ամերիկացիներին համարում են հարձակման թիրախներ:
Ինչպես նշել են Պետդեպից, այդ որոշումը վերաբերում է միայն Ստամբուլի հյուպատոսության աշխատակիցների ընտանիքներին: Հյուպատոսությունը կշարունակի գործել իր սովորական գրաֆիկով, ինչպես Թուրքիայի մյուս դիվանագիտական ներկայացուցչությունները:
Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ-ը նախազգուշացրել էր իր քաղաքացիներին չայցելել Թուրքիայի հարավ-արևելք: