
«Բերնլիի» հետ խաղում հեռացվելուց հետո Ժոզե Մոուրինիոն չներկայացավ ոչ հարցազրույցին, ոչ էլ մամուլի ասուլիսին

Շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունեց «Բերնլիին»: Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն առաջին խաղակեսի վերջում պահանջներ է ներկայացրել Մարկ Կլատենբուրգին, հետո շարունակել է վեճը ընդմիջման ժամանակ, ինչի պատճառով էլ հեռացվել է դաշտից: Երկրորդ խաղակեսում «Կարմիր սատանաները» հեռացման պատճառով զրկվեցին նաև Անդեր Էրերայից:
Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, խաղից հետո Մոուրինիոն չի ներկայացել ոչ ֆլեշ-հարցազրույցին, ոչ էլ մամուլի ասուլիսին, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է Ժոզեի օգնական Ռույ Ֆարիան: Մոուրինիոյի օգնականը «Յուրահատուկին» արժանի ճառ է արտասանել:
«Կարելի է շնորհավորել թիմին գերազանց խաղի համար: Մենք վերահսկում էինք խաղը, բայց չկարողացանք գոլ խփել: Թիմը ցուցադրեց ֆանտաստիկ հավատ և մարտական ոգի:
Չգիտեմ, ինչ տեղի ունեցավ Ժոզեի և մրցավարի միջև: Կարևոր չէ, թե ինչ է ասել Ժոզեն, կարևոր է, թե ինչ կգրի մրցավարը: Մրցավարը ֆանտաստիկ աշխատանք կատարեց: Ավելին ես ոչինչ չեմ ասի»,- Ֆարիային է մեջբերում ВВС-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը