
Գերմանացիները սկսել են ավելի շատ զենք գնել

Գերմանիայում դիտվում է թեթև զենքի և ինքնապաշտպանական միջոցների վաճառքի բում: 1 տարում թեթև զենքի կրման և պահման լիցենզիաների թիվը աճել է գրեթե կրկնակի, հայտնում է Der Spiegel-ը՝ հղում կատարելով Գերմանիայի ՆԳՆ-ի տվյալներին:
«Դիտվում է զենքի գնորդների միանգամայն նոր կատեգորիա: Նրանք այնտեղ գալիս են առաջին անգամ»,- պարբերականը մեջբերում է Գերմանիայի զինագործների և զենքի վաճառքի միության տնօրեն Ինգո Մեյնհարդի խոսքերը:
Նրա խոսքով՝ «անգամ թեթև զենքը բոլորին չի համապատասխանում, քանի որ անհրաժեշտ է կարողանալ ճիշտ օգտվել դրանից»:
Վիճակագրության համաձայն՝ 2015թ. զենքի կրման թույլտվություն ուներ ընդամենը 273 հազար գերմանացի, սակայն այսօր այդ թիվը գերազանցում է 440 հազարը: Թեթև զենք կրելու թույլտվությունների աճի առաջատարները Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա, Բավարիա և Ստորին Սաքսոնիա դաշնային հողերն են:
Պարբերականը գրում է, որ զենքի վաճառքի ծավալների ավելացումը կապված է «գերմանացիների՝ անվտանգության համար մտավախությունների հետ», որը ծագել է Փարիզի, Բրյուսելի, Նիցցայի, Մյունխենի ահաբեկչություններից հետո, ինչպես նաև փախստականների հոսքի հետևանքով երկրում ստեղծված մթնոլորտով: