Վարչապետների ակումբը կշարունակի՞ գործել

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի հետաքրքիր նախաձեռնությամբ էր հանդես եկել` ստեղծելով Հայաստանի վարչապետների ակումբ: Այդ ակումբի անդամները՝ գործող ու նախկին վարչապետները,  հաճախակի չէին հավաքվում, միայն 2 անգամ նախկին վարչապետները հասցրեցին Հովիկ Աբրահամյանին աջակցել իրենց քննարկումներով: Թե որքանով արդյունավետ եղավ ակումբի գործունեությունը, թերևս, քաղաքացիների համար այնքան էլ տեսանելի չէ: Սակայն, հետաքրքիր է՝ այսօր, վարչապետի փոփոխությունից հետո, արդյո՞ք այդ ակումբը կշարունակի գործել:

ՀՀ նախկին վարչապետ, ակումբի աշխատանքներին մասնակցած Խոսրով Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ակումբի աշխատանքի արդյունավետությունը ցածր չէր, բայց դրա գնահատողը վարչապետն էր: Ըստ նրա` ընդհանրապես նման ակումբի կամ նման կառույցի դերակատարումը շատ խորհրդանշական է, և այն կարող է ձևավորվել, եթե գործող վարչապետը դրա կարիքը զգում է. «Դա պարտադրված բան չի կարող լինել: Նույնիսկ հանդիպումների քանակը չի կարելի կանխատեսել: Կարելի է հանդիպել երկրի համար շատ կարևոր պահի: Դա մշտական գործող ակումբ չի, որ հավաքվենք, մի քիչ զրուցենք, առավել ևս, որ բոլորը զբաղված մարդիկ են, մի քիչ զրուցելու համար չեն հավաքվում: Ես կարծում եմ` մոտեցումը նույնն է մնալու: Դրա որոշողը, նման շփումների անհրաժեշտությունը նախ՝ վարչապետը պետք է զգա: Եվ բոլորովին էլ պարտադիր չէ, որ ինչ-որ 6-7 հոգով անընդհատ հավաքվեն»:

Արդյոք կա՞ն նախադրյալներ, որ ակումբը կշարունակի գործել նաև Կարեն Կարապետյանի օրոք, Խ.Հարությունյանը դժվարացավ ասել:

Նա նշեց, որ կառավարության գործունեության ծրագիրը մշակելիս Կ.Կարապետյանը նախկին վարչապետների հետ շփվել է. «Հիմա թե դա կֆորմալացվի՞, կդառնա՞ ակումբ, կդառնա՞ այդպիսի հարթակ, դա իր որոշելիքն է: Միգուցե՝ անմիջական, բայց ոչ խմբակային հանդիպումներն ավելի արդյունավետ են»:

Տեսանյութեր

Լրահոս