Բաժիններ՝

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵԱԶԲ պաշտոնյան քննարկել են Մաստարայի ջրամբարի կառուցման հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հոկտեմբերի 28­-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ Բանկի երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքից, հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և նոր ծրագրերի մեկնարկի հնարավորությունները: Մասնավորապես, քննարկվել են Հիմնադրամի ներդրումային վարկի միջոցներով իրականացվող «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ընթացքը և Մաստարայի ջրամբարի կառուցման նախատեսվող ներդրումային ծրագրի իրականացմանն առնչվող հարցերը:

Անդրադարձ է կատարվել նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը ֆինանսական վարկի երկրորդ մասնաբաժնի տրամադրման հետ կապված գործողությունների կատարողականին:

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ծավալված համագործակցության և փոխըմբռնման բարձր մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել փոխշահավետ համագործակցությունը:

Եվրասիական զարգացման բանկը հիմնադրվել է Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության կողմից 2006թ. հունվարի 12­-ին: Ներկայումս Բանկին անդամակցում են նաև Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Հայաստանը Բանկին միացել է 2009 թվականին:

Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար: Հայաստանի մասնաբաժինը կազմում է 100 հազար դոլար: Բանկը իրականացնում է եվրասիական տարածաշրջանում պետական կամ մասնավոր ձեռնարկությունների խոշոր ներդրումային նախագծերի ֆինանսավորում ն, մասնակցություն է ցուցաբերում կազմակերպությունների կանոնադրական կապիտալում, թողարկում է երաշխիքներ, իրականացնում է մասնավոր ներդրումային հիմնադրամների ուղղակի կամ միջնորդավորված ֆինանսավորում, ինչպես նաև վարկավորում է մասնավոր առևտրային բանկերին:

Եվրասիական զարգացման բանկը հանդիսանում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչը:

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով Հայաստանի Հանրապետությունում տրամադրվել է ֆինանսավորվում «Ոռոգման համակարգերի արդիականացում» (40 մլն ԱՄՆ դոլար վարկ), Հյուսիս­հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4­րդ հերթ)» (150 մլն ԱՄՆ դոլար վարկ) ներդրումային ծրագրերի իրականացման համար: Բացի այդ՝ 2015թ. նոյեմբերի 4­ին ստորագրվել է Հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը 300 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, որով Հայաստանին 2015 2017թթ. ընթացքում տրամադրվում է 100­ական մլն ԱՄՆ դոլարի չափով 3 մասնաբաժիններով բյուջետային աջակցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս