Բաժիններ՝

Կայացել է «Մանկական Եվրատեսիլ­-2016»-­ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան

Կայացել է «Մանկական Եվրատեսիլ-­2016» մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան: Այս տարի միջազգային հեղինակավոր մրցույթին Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կներկայանան «Տարբեր» երգով:

Ներկայացված տասնյակ երգերից Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Մանկական Եվրատեսիլ»­ի բեմում այս տարի կհնչի Նիկ Եգիբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած երգը: Այս մասին «Արմենպրես»­-ին տեղեկացրին «Առաջին ալիք»­-ի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ:

Նիկ Եգիբյանի խոսքով՝ երաժշտությունը գրվել է հաշվի առնելով եւ համադրելով թրենդային մի քանի երաժշտական ոճեր: «Երբ ծանոթացա երեխաների վոկալային տվյալներին եւ ոճային առանձնահատկություններին, միանգամից հասկացա, թե ինչ երգ եմ ցանկանում նրանց համար գրել: Արդյունքում ստացանք այս տարբերակը, որը կարծում եմ լավագույնս է համապատասխանում երեխաներին: Թեեւ նրանք երգեցողության առումով տարբեր են, այնուամենայնիվ, կա ընդհանուր տրամադրություն, որը միավորում է նրանց երգի միջոցով»,­ նշում է երաժշտության հեղինակը:

Ավետ Բարսեղյանի խոսքով՝ երգի համար ընտրվել է մի թեմա, որը պատանիների հետաքրքրության եւ քննարկումների շրջանակում է, ինչպես նաեւ նորաձեւության ոլորտի հավերժական տարբերակումն է՝ դասականի եւ սպորտայինի:

«Քննարկումների արդյունքում հասկացանք, որ երեխաների շուրթերից այս տարբերակումն ու վեճը սուր է եւ հետաքրքիր: Իսկ որ երգը պետք է հակադրությունների հիման վրա կազմվեր, պարզ էր հենց առաջին վայրկյանից, քանի որ աղջիկները վիզուալ շատ տարբեր են, նրանց միավորում է երգը, ժպիտն ու սերը»,­ նշում է Ավետ Բարսեղյանը՝ հավելելով, որ երգում ներկայացվում է հակադիր պայքար, որը դառնում է հիմք հանուն ապագա միասնության:

Հայաստանյան պատվիրակ Անահիտ Ադամյանի խոսքով՝ մրցութային երգը, տեսահոլովակը, ինչպես նաեւ բեմադրությունը հիմնված է լինելու իր եւ Մերիի հակասությունների վրա: «Տարբեր ենք կյանքում, տարբեր ենք ոճով, սակայն կա մի ընդհանուր բան երկուսիս համար, որը կարծում եմ գլխավորն է՝ երգը, երաժշտությունը, ժպիտն ու սերը»,­- նշում է Անահիտը:

Մերի Վարդանյանն էլ հույս ունի, որ իրենց բարձր տրամադրությունը կկարողանան փոխանցել եվրատեսիլյան երկրպագուներին ոչ միայն երգի, այլեւ տեսահոլովակի միջոցով: «Ես եւ Անահիտը կարող ենք վիճել ամենատարբեր հարցերի եւ թեմաների շուրջ, սակայն, յուրաքանչյուր վեճ երկրորդ պլան է մղվում, երբ սկսում ենք միասին երգել»,=­ նշում է Մերին:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ»-­ն այս տարի կանցկացվի 14-­րդ անգամ եւ կկայանա նոյեմբերի 20-­ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում, որը 2­-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը:

Ի դեպ, մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են մտցվել: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-­14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-­15-­ի փոխարեն: Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը կորոշվի մասնակից երկրների պրոֆեսիոնալ եւ մանկական ժյուրիների կողմից, ինչպես նաեւ փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ: Վերջնական փոփոխվել են նաեւ մրցույթի հեռարձակման ժամերը. եվրատեսիլյան երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու այն ոչ թե գիշերը, այլ երեկոյան:

Մրցույթին այս տարի կմասնակցեն 17 երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը,Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան:

Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է: Մրցութային «Տարբեր» տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս