Գանձակ գյուղում վերջին հրաժեշտն են տալիս զոհված զինծառայող Գրիգոր Այվազյանին
Մարտականա դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված զինծառայող Գուրգեն Այվազյանին վերջին հրաժեշտն են տալիս Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ զոհված զինվորի բնակարան այցելեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետարանի ողջ աշխատակազմը, Գավառի զինկոմիսարիատի, իրավապահ համակարգի ղեկավարներն ու անձնակազմերը:
Հոգեհանգստյան կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս Վարդապետ Դավթյանը: «Կգա ժամանակ, որ Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակների նման կսրբադասվեն նաեւ Արցախյան ազատամարտում ու Հայաստանի սահմանները պաշտպանելիս զոհված մեր բոլոր հերոս զինվորները: Ձեռք բարձրացնենք ու աղոթենք առ Աստված, որ Մեր Գուրգենը վերջին զոհը լինի այս չընդհատված հակամարտության մեջ, որ այսուհետ միայն իրար հանդիպենք ուրախության, շնորհավորանքի, արարելու առիթներով: Թող Աստված խաղաղ պահի մեր հողը»,- իր սփոփանքի խոսքն ասաց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը:
Զինվորի ծնողներին մխիթարական խոսքով դիմեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: «Մենք ապրում ենք մեր հերոսի կորստյան ծանր կսկիծը, քանի որ բոլորիս համար չափազանց թանկ է մեր յուրաքանչյուր զինվորի կորուստը: Բայց, կիսելով ձեր խոր վիշտը, ցավի հետ մեկտեղ հպարտանում ենք, որ նման որդի եք ծնել ու դաստիարակել:
Համոզված եղեք, որ ձեր զավակն ու հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր մյուս զինծառայողներն արդեն սրբացած են մեզ համար, հերոսացած՝ մայր հողի առաջ ու սերունդների հուշերում»,Գուրգենի հարազատներին դիմեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Զինվորի աճյունը հողին կհանձնվի հոկտեմբերի 29-ին, հայրենի Գանձակ գյուղի գերեզմանատանը, զինվորական կարգով:
Խոսրով Խլղաթյան