«Ծրագիրը լավն է, բայց կյանքն ավելի բարդ է». Ռուբեն Մեհրաբյանը՝ կառավարության ծրագրի մասին

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն այսօրվա ասուլիսին պատասխանելով 168.am-ի հարցին՝ արցախյան բանակցություններում ի՞նչ փոփոխությունների սպասենք, և ինչո՞վ են պայմանավորված շփման գծի սրացումները, ասաց, որ մենք մտնում ենք ակտիվ բանակցային փուլ, և ըստ ամենայնի՝ դա կտևի մինչև տարվա վերջ.

«Դրա արդյունավետությունը կախված կլինի նրանից, թե որքան ԱՄՆ-ին կհաջողվի ստիպել Ռուսաստանին՝ խաղալ ամերիկյան կանոններով։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն այսօր արտաքին քաղաքական իմաստով փակուղու մեջ է և չի կարող որևէ քայլ անել, եթե չունենա Ռուսաստանի աջակցությունը։ Եվ որպեսզի ուշադրությունը հարցի վրա գրավի, Ադրբեջանը գնում է որոշակի սրացումների՝ շփման գծում։ Եվ եթե խոսում ենք այս հարաբերական սրացման մասին, ապա դա ենթարկվում է հենց այդ տրամաբանությանը»։

Ըստ փորձագետի՝ խոսել, որ այժմ շատ լարված է իրավիճակը դիմակայության գծի վրա՝ հաշվի առնելով այն, ինչ տեսել ենք վերջին տարիներին, կլինի չափազանցություն. «Բայց այնուամենայնիվ, որ այդ սրացումը կա, ու դրա տենդենցը կա, ակնհայտ է»։

Իսկ մեր մյուս հարցին՝ ի՞նչ կարծիք ունի կառավարության ծրագրի մասին, նա այսպես պատասխանեց. «Բոլոր ծրագրերն էլ վերջին 25 տարում եղել են լավը, ամբողջ խնդիրն այդ ծրագիրը չէ, որովհետև, եթե գրածով լիներ, ապա ըստ Սահմանադրության՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, Հայաստանը ազատ, անկախ… պետություն է։ Այդ ամենը գրված է։ Իշխանության կողմից նաև կառավարության ծրագիր է գրվում։ Գրվածի մեջ չէ խնդիրը, այլ իրականության, այսինքն՝ ծրագիրը լավն է, բայց կյանքն ավելի բարդ է»։

Տեսանյութեր

Լրահոս