«Պետք է չներե՞նք, գնանք պատերազմի՞, թշնամանքի՞ մեկս մյուսի դեմ»

Ինչպես Գագիկ Ծառուկյանն է ներել իրեն վիրավորողներին, այնպես էլ հանրապետականներն են առավել լոյալ դարձել ԲՀԿ նախկին առաջնորդի հանդեպ: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում հղում արեց Աստվածաշնչին, որ նույն բանն է ասում, ինչը նշանակում է, որ մարդ պետք է միշտ մեծահոգի և ներող լինի. «Եթե քաղաքական դաշտում ինչ-որ խոսակցություններ, դեբատներ են լինում, պետք չի անձնական դաշտ տեղափոխել: Քաղաքականության մեջ չկան հավերժական թշնամիներ, բարեկամներ»:

Դիտարկմանը, որ այն ժամանակ վիրավորանքներն անձնական ու անհատական էին` Վ. Բաղդասարյանը չհամաձայնեց՝ ասելով, թե իր կարծիքով, երևույթի նկատմամբ է եղել, և խորհուրդ տվեց հարցնել հենց վիրավորանք հնչեցնողներին:

«Հիմա ի՞նչ է, Դուք ինձ ասում եք, պետք է չներե՞նք, գնանք պատերազմի՞, թշնամանքի՞ մեկս մյուսի դեմ»:

ՀՀԿ փետրվարյան նիստից հետո Գագիկ Ծառուկյանի հասցեին վիրավորանք հնչեցրած ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն այժմ «բերանը ջուր է առել» և ոչ մի կերպ չի մեկնաբանում Գ. Ծառուկյանի ներողամտությունը:

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ մեզ հետ զրույցում՝ հարցին` Ձեզ ներված զգո՞ւմ եք, պատասխանեց. «Աստված ների մեր բոլորիս մեղքերը, եթե երբևէ ինչ-որ մեղք ենք գործել»:

Տեսանյութեր

Լրահոս