
Աշխարհահռչակ Բիլ Փլիմփթոնը՝ «ՌեԱնիմանիա» 2016-ի պատվավոր հյուր

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 3-ը: Այս տարի փառատոնի պատվավոր հյուրերից կլինի ԱՄՆ-ի ամենահայտնի, տաղանդավոր և սիրված անկախ անիմատորներից մեկը՝ Բիլ Փլիմփթոնը:
Կաննի փառատոնի մրցանակակիրը երկու անգամ առաջադրվել է «Օսկարի», իսկ կարիերայի սկզբում նրա նկարազարդումներն ու կոմիքսները տպագրվում էին «The New York Times», «Vogue», «Vanity Fair» և «Rolling Stone» հեղինակավոր ամսագրերում։ 80-ականներին ռեժիսոր-անիմատորը «MTV» հեռուստաընկերության համար նկարում էր ծաղրանկարների շարք՝ այդ կերպ երաժշտական ալիքին հաղորդելով յուրահատուկ, սատիրիկ և փոքր-ինչ սյուրռեալիստական երանգ։
2000-ական թվականներն անիմատորի համար երաժշտական շրջանն էր՝ 2005-ին Փլիմփթոնը ստեղծում է տեսահոլովակ՝ Քանյե Ուեսթի և Ադամ Լևայնի «Heard ‘Em Say» երգի համար, իսկ 2008-ին՝ 80 րոպեանոց ֆիլմ («Հիմարներն ու հրեշտակները»), որտեղ օգտագործվել է Թոմ Վեիթսի և Մոբիի երաժշտությունը։ Լայն լսարանին Բիլ Փլիմփթոնը հայտնի է հաչող շան մասին պատմող կարճամետրաժների շարքով՝ «Guard Dog»-ը, «Guide Dog»-ը, «Hot Dog»-ը, «Horn Dog»-ը: