«Մարդիկ ուզում են Հալեպից դուրս գալ, իսկ մենք բռնե՞լ ենք ձեռքերից». Կիրո Մանոյան
«Հալեպում շարունակվում է հայ համայնքի կյանքը՝ հակառակ Հալեպի արևելյան կողմերից հայաբնակ թաղամասերին հասնող ռմբակոծություններին։ Համայնքում արդեն միջոցառումներ են տեղի ունենում։ Վերջերս նաև իմացանք, որ Հայաստանի կողմից ուղարկված օժանդակությունը հասել ու բաժանվել է և՛ Հալեպում, և՛ Դամասկոսում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Հարցին՝ համայնքի ղեկավարների, այդ թվում՝ ՀՅԴ-ի հասցեին քննադատություններ են հնչում, որ համայնքի ղեկավարությունն ամեն գնով, նույնիսկ՝ արյան գնով, փորձում է համայնքը տեղում պահել, մարդիկ տանը նստած՝ ենթարկվում են հրետակոծության, ինչո՞ւ են ուզում պահել համայնքը, Կիրո Մանոյանը պատասխանեց.
«Ի՞նչ է նշանակում՝ արյան գնով, այսինքն՝ մարդիկ ուզում են Հալեպից դուրս գալ, իսկ մենք բռնե՞լ եք ձեռքերից։ Ինչ էլ անենք՝ համայնքը մնալու է, իսկ եթե համայնքը մնալու է, պետք է նաև այն պահել։ Ով ուզում է դուրս գալ՝ ազատ է։ Նրանք հայերի՞ց են փախել. անհեթեթությունն էլ սահման ունի, էլի»։
Ըստ նրա՝ Մերձավոր Արևելքում հայ համայնքի գոյությունը կարևոր է. «Նախ՝ նրա համար, որ հայապահպանությունն այդպես ավելի հեշտ է, երկրորդ՝ որովհետև Հայաստանին մոտ է»։