«Արծրուն Հովհաննիսյանը լկտիաբար ստում է. ես փաստեր ունեմ և պատրաստ եմ պատասխանատվություն կրել, եթե զրպարտում եմ». Վահան Բադասյան
Ես նորից եմ կրկնում՝ Արծրուն Հովհաննիսյանը լկտիաբար ստում է։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախյան պատերազմի վետերան, նախկին զինվորական Վահան Բադասյանը։
«Ես հայտարարություն եմ տվել, իրավապահ մարմինները, անվտանգությունը պետք է ինձ դիմեին, թե որտեղից ինձ այդ պատասխանատու հայտարարությունը։ Միգուցե անպատասխանատու հայտարարություն եմ արել, միգուցե ես զրպարտում եմ։ Ինձ հետ ոչ ոք չի կապվել այս ընթացքում։ Դա այնպիսի հարց էր, որ արձագանքը պետք է լիներ գոնե կառավառարությունից։ Ես պատահական մարդ չեմ ու նման հայտարարություն եմ անում. չի կարելի դա առանց արձագանքի թողնել։ Ես ասում եմ, որ պատրաստ եմ պատասխանատվություն կրել, եթե զրպարտում եմ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի վետերան, նախկին զինվորական Վահան Բադասյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում դիմում էր ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին։
«Հարգարժան պարոն վարչապետ, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը (Մովսես Հակոբյանը.- Ռ.Մ.), լինելով նախկինում ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ի պետ-փոխնախարար, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում՝ բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ։ Այս երևո՞ւյթն է կոռուպցիայի երևույթ, թե՞ նույն դպրոցում մայր ու աղջկա՝ որպես մանկավարժ աշխատելը։ Կարո՞ղ եք պատասխանատվության ենթարկել Գլխավոր շտաբի պետին։ Կամ, եթե ես զրպարտում եմ Գլխավոր շտաբի պետին, ինձ պատասխանատվության կենթարկե՞ք։ Իսկ ընդհանրապես իրավապահ և անվտանգության մարմիններին այս և նման երևույթները չե՞ն հետաքրքրում։ Սիրով, հույսով և հոժարությամբ սպասում եմ բոլորիդ արձագանքին՝ վերացնելու այս ազգակործան երևույթները, որի պատճառով առաջնագծում զոհվում են ժողովրդի զավակները»,- մասնավորապես գրել էր նա։
Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում էլ Վ. Բադասյանն օրերս ասել էր. «Ժամանակին Սերժ Սարգսյանն ասաց, որ թղթով ամեն ինչ նորմալ է նրանց մոտ։ Թղթերով, իհարկե, նորմալ է, այսինքն՝ այս մի ձեռնարկությունն է հաղթել, մյուսը՝ չի հաղթել։ էդ ինչպե՞ս է, որ հանկարծ վերջին 10-15 տարվա մեջ նույն ձեռնարկությունն է հաղթում՝ «Սիփանը»։ Միրզաբեկյան Ալիկի ձեռնարկությունը չի հաղթում, չի կարողանում հաղթել, բայց Մովսես Հակոբյանի «Սիփանը» միշտ հաղթում է։ Գոնե մի տարի չկարողանա հաղթի, էլի։ (Ալիկ Միրզաբեկյանը մինչև ապրիլի 26-ը եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ.- Ռ.Մ.)»։
Բադասյանը նաև ասել էր, որ կարող է լրագրողներին տանել-ցույց տալ ալրաղացները։ «Չպիտի թողնեն, որ այսպիսի ալրաղացն ընդհանրապես գործ շահի։ «Սիփանի» ունեցածը ֆերմերային ալրաղաց է, որը բացառիկ մասնավոր ալրաղաց է, այն մասնավոր ձեռնարկության համար կարող է հաց ապահովել։ Չլվացված ցորենն արդեն մեծ մինուս է։ Խոշորները տանում-լվանում են ցորենը, նոր աղում են, սրանք փոշին էլ հետն են աղում, ու դա գնում է հացի մեջ, հացն էլ անորակ է դառնում»,- ասել էր նա՝ ավելացնելով, որ «Սիփանը» սպասարկում է թվով 4 զորամասերի։
Վ. Բադասյանից հետաքրքրվեցինք, թե, եթե խնդիրը վաղուց կար, ապա ինչո՞ւ է նա հիմա դրա մասին բարձրաձայնում։
«Ո՞ւմ համար բարձրացնեի. նախկին կառավարությա՞ն, որն ամբողջությամբ թաթախված էր կոռուպցիոն գործողությունների մեջ։ Ես ո՞ւմ ասեի. գայլին հարցնեի՝ ո՞ւր ես տարել իմ ոչխարը։ Իսկ հիմա հարցնում եմ, որովհետև ամբողջ ժողովուրդը հավատում է նոր վարչապետին, նա էլ հավաստիացնում է, որ, եթե ինչ-որ բան կա՝ ասեն, ու ասում է, որ ինքն ազնիվ է։ Այսօր, որպես արցախցի, ինձ համար առաջնահերթություն է ժողովրդի անվտանգությունը, որը բանակն է ապահովում։ Իսկ բանակը պետք է զերծ լինի անգամ փոքր կոռուպցիոն ռիսկերից ու երևույթներից»,- պարզաբանեց նա։
Դիտարկմանը՝ գուցե պաշտոնական մակարդակով չեն արձագանքել, որովհետև ՊՆ մամուլի խոսնակը հերքել է իր տարածած տեղեկատվությունը, նա այսպես արձագանքեց.
«Եթե հերքել է, ուրեմն ըստ կարգի՝ պետք է զրպարտության համար ինձ պատասխանատվության կանչեն։ Ես նաև ասել եմ, որ ՊՆ մամուլի խոսնակը լկտիաբար ստում է։ Ես իրեն չեմ վիրավորել, ես ուղղակի հակադարձել եմ, որ դա լկտիություն է. ինքը մի ուրիշ տեղ ասում է, որ նման հարցերի չեն խառնվում, մի ուրիշ տեղ էլ ստում է։ Հնարավոր չէ՞, որ կատարվի գողություն, ու մամուլի խոսնակն էլ շաղախված լինի այդ հարցերում և այդպես ասի։ Իրավապահ մարմինների համար դա հի՞մք է, որ չարձագանքեն այս խնդրին»։ Նա նաև նշեց, որ իր խոսքերն ապացուցող փաստեր ավելի շատ ունի, քան հրապարակում է։
Հիշեցնենք, որ Վահան Բադասյանի՝ վերոնշյալ գրառման վերաբերյալ պարզաբանում էր տվել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, որն ասել էր.
«ՀՀ ՊՆ ալյուրի մատակարարման մրցույթներին, որոնք անցկացվել են մի քանի չափաբաժիններով և փուլերով, մասնակցել են տասնյակ ընկերություններ։ Մրցույթների համար հաշվարկային նախնական գինը եղել է 220 դրամ 1 կգ 1-ին կարգի ալյուրի համար։ Նշված ընկերությունների մեջ եղել են նաև ընկերություններ Արցախից։ Պարոն Բադասյանի ներկայացրած «Սիփան» ընկերությունը, որը կապ չունի ՀՀ ԶՈւ ԳՇՊ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին։ (Մրցույթներում եղել են նաև 5 անգամ ավելի մեծ չափաբաժիններ)։ Նույն չափաբաժնի համար պայքարել է նաև մեկ այլ ընկերություն, որի առաջարկած գինն ավելի բարձր է եղել։ Այլ չափաբաժնի համար մրցույթներում հաղթել են նաև արցախյան 5 այլ ընկերություններ։ Հաղթող ընկերությունները մատակարարել են 164-173 դրամ գներով»։
Իսկ այսօր ԱԺ քննարկումների ընթացքում այս հարցը բարձրացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «ԱԺ-ն պետք է պարզաբանումներ տա այս հրապարակումների վերաբերյալ»,- ասաց նա։
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող որևէ բան ասել կոնկրետ «Սիփան» ընկերության մասին, բայց ըստ նրա՝ կարևոր է պարզել, թե այդ կազմակերպությունն ի՞նչ հումքով է աշխատում՝ ներկրո՞ւմ է ալյուրը կամ ցորենը, թե՞ տեղական ֆերմերներից է ձեռք բերում։
«Միգուցե Ռուսաստանից ավելի էժան գնո՞վ է ալյուր ներկրում։ Այսօր ՌԴ-ում 30 մլն տոննա ավել ցորեն կա ու լցնելու է շուկաները։ Կարող է ձեռք բերել աղտոտված ցորեն, պինդ ալյուր։ Ուղղակի հիմա չեմ կարող խղճի վրա մեղք անել ու այդ կազմակերպությանը որևէ բանում մեղադրել։ Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ ՀՀ գյուղնախարարությունը սրանից 10 տարի առաջ ԱՄՆ-ից ներկրեց մի ցորեն, որն ԱՄՆ-ի ռեզերվային ցորենն էր, որդ կար մեջը։ Դա հասավ Հայաստան ու թանկ գնով վաճառվեց։ Վերջերս ֆորումներից մեկում գիտնականներից մեկն ասաց՝ մենք հացով կարող ենք ինքնաբավ լինել, իսկ ես նրան պատասխանեցի՝ եթե Երևանի փողոցներում էլ ցորեն ցանենք, ապա՝ այո, ինքնաբավ կլինենք»,- ասաց նա։
Բերբերյանը հավելեց՝ բանակը մեր սրբությունն է, չի կարելի զինվորների հաշվին շահույթ ստանալ. «ՊՆ-ն պետք է գտնի լուրջ գործընկերներ, որոնք իրոք այս երկրի համար են աշխատում, ոչ թե իրենց գրպանի։ Այդ կազմակերպությունները չպետք է շահույթ հետապնդեն, միգուցե այդպես սրա վերջը տանք։ Չի կարելի բանակի հաշվին հարստանալ, դա առնվազն անբարոյականություն է. այդպես հարստացողներն անբարոյականի տղաներ են»։