Ազատ և արդար մրցակցային միջավայրի սկիզբն ազատ ու արդար ընտրություններն են
«Անհնարին բան չկա: Բոլոր պարագաներում ցանկացած հարաբերությունների կառուցման ժամանակ ընդհանրապես, և մասնավորապես ու հատկապես՝ հավասար մրցակցային դաշտի առումով, առաջին հերթին՝ պետք է ապահովվի օրենքի գերակայությունը: Օրենքը մենք ենք ստեղծում և այդ մեր ստեղծածի վերաբերյալ այնպիսի հրամայականներ պետք է այնտեղ տեղադրենք, որոնց պարագայում ցանկացած փոքր իսկ խախտման դեպքում գործի համարժեք պատասխանատվության միջոցը: Դրա բացակայության պայմաններում պատժամիջոցները չեն աշխատում, ինչպես է տևական ժամանակ մեր երկրում, ու այդ պարագայում հնարավոր չէ, եթե անգամ բազմաթիվ կախարդական փայտիկներ տան քեզ, ապահովել հավասար պայմաններ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանում ազատ և արդար մրցակցային դաշտ ստեղծել:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում հայտարարել էր, որ առաջնային խնդիրը բիզնեսի համար ազատ և արդար մրցակցային միջավայրի ապահովումն է։
Ըստ Վ.Բոստանջյանի` այդ հավասար պայմանների ապահովումը, օրենքի գերակայությունը, դրանք էլ իրենց հերթին՝ փոխկապակցված են ու ենթադրում և պահանջում են գոնե մի անգամ ազատ, արդար ընտրությունների անցկացում. «Այն մարդիկ, որ հայտնվում են որոշում կայացնողների դաշտում ու ղեկի մոտ, նրանք ընտրված պետք է լինեն ու հասկանան, որ, եթե չարդարացնեն իրենց, ապա հաջորդ անգամ չեն ընտրվելու: Այդ կտրվածքով ևս Հայաստանում գոյություն ունի վիճակ, որ ուզում ես՝ ընտրի, ուզում ես՝ մի ընտրի, մենք մեր գործը կանենք: Եվ դրանից բխող մնացած բոլոր մոտեցումներն ու քայլերը, ըստ էության, կարող են կրել լրիվ սուբյեկտիվ բնույթ, որի արդյունքում մարդը, գործարարը, աշխատողը կարող է արհամարհվել ու մղվել ամենահետին պլան»:
Հարցին՝ եթե ամեն ինչի սկիզբն ազատ ու արդար ընտրություններն են, հավատո՞ւմ եք, որ հաջորդ տարի ապրիլին մեր երկրում վերջապես կանցկացվեն նման ընտրություններ, Վ.Բոստանջյանը պատասխանեց. «Ես այդքան միամիտ չեմ, որ ասեմ` հավատում եմ: Ուզում ես՝ հավատա, ուզում ես` մի հավատա: Մեր կամքից անկախ ու հավատից անդին, աստիճանաբար գնում ենք մարման: Դրա ցցուն օրինակը Գյումրիի ու Վանաձորի ընտրություններն են: Ճիշտ է` չասենք, որ մենք հասանք մեծ հաջողության, բայց բոլոր դեպքերում նշմարվեցին այն միտումները, որ կարող է նաև այլ բան տեղի ունենալ: Եվ եթե աբստրակտվենք մեր մաքսիմալիզմից, որ ուզում ենք ամեն ինչ միանգամից տեղի ունենա, նման բան պատմության մեջ տեղի չի ունեցել, այսօրվա քաղաքակրթված աշխարհները նմանապես անցել են այս ուղին, և դրա համար ինկուբացիոն ժամանակահատված է պետք: Ուրեմն, եթե ապրիլին տեղի ունեցող ընտրությունների ժամանակ մասամբ հին սկզբունքները կիրառեն, դա չի լինի այն ուժգնությամբ, ինչ եղել է նախկին ընտրությունների ժամանակ: Այսինքն` մենք աստիճանաբար, թեկուզ փոքր-փոքր քայլերով այդ անընդունելի պահերը հրում ենք ետ»: