Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ճիշտ է կողմնորոշել ապրիլյան դեպքերի տեղեկատվությունը. Շահան Գանտահարյան
Լրագրողների 8րդ համահայկական համաժողովը կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների անկության 25-րդ տարեդարձերի կապակցությամբ. այն իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում, որ անց է կացվում հենց Երևանում ու Ստեփանակերտում: Այս մասին նշել է Բեյրութի «Ազդակ» օրաթերթի տնօրեն և գլխավոր խմբագիր, հայ լրագրողների համաժողովները համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը` ընդգծելով, որ 2010 թվականին լրագրողների 5-րդ համահայկական համաժողովը ևս անց է կացվել Ստեփանակերտում:
«Այդ ժամանակ քննարկել ենք տեղեկատվական անվտանգության խնդիրները և հատկապես հակառակորդի սանձազերծած ապատեղեկատվությունները, տեղեկատվական ահաբեկչությանը դիմակայելու ռազմավարական խնդիրները: Դա էլ հիմք է ծառայել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հայկական լրատվադաշտերը արդեն պատրաստ էին դիմակայելու տեղեկատվական խնդիրներին և պատվով դուրս գալ նաև տեղեկատվական պատերազմից: Որևէ սայթաքում չեղավ, և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, միասնաբար հանդես գալով, ազդեց, որ միջազգային հանրային կարծիքը ճիշտ կողմնորոշվի ապրիլյան դեպքերի վերաբերյալ` թե ով էր նախահարձակ եղողը, ահաբեկիչը և ինչպիսի անմարդկային արարքներ են ցուցաբերել ադրբեջանցիները, որոնք միշտ էլ իրենց դրսևորել են որպես պատերազմական նորմերը խախտող երկիր:
Այս ամենի օբյեկտիվ լուսաբանման և մեկնաբանման, վերլուծման մեջ լուրջ դերակատարություն ուներ հայկական մեդիա դաշտը: Սփյուռքում մենք զգացել ենք այն միացյալ քննարկումները, որոնք անց են կացվել Ստեփանակերտում»,- ասել է Շ. Գանտահարյանը և հավելել, որ 2010 թվականին լրագրողների 5-րդ համահայկական համաժողովը նպաստեց Արցախի և Սփյուռքի լրատվամիջոցների միջև փոխճանաչողությանը` նպաստելով փոխհամագործակցությանը: Այդ կապերը Էլ ավելի է սերտացել ու խորացել են հենց այդ համաժողովից հետո. այսօրվա համաժողովն էլ դրա շարունակությունն է:
Շ. Գանտահարյանի խոսքով` այսօր էլ Սփյուռքում կան լրատվամիջոցներ, որոնք մշտապես օգտվում են Արցախի լրատվական դաշտից: Սփյուռքում կան նաև լրատվամիջոցներ, որոնք Արցախում և Հայաստանում ունեն իրենց թղթակիցները: