Ինչո՞ւ ներդրողները չեն վստահում ՀՀ դատական համակարգին
Ներդրումներ ներգրավելու համար բազմիցս կարևորվել է արդար դատական համակարգի առկայությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում ներդրողները կարողանան դիմել դատարան և վստահ լինեն, որ կոռուպցիոն ռիսկերից զերծ, արդար որոշում կկայացվի: Ընդ որում` մեր երկրում դատական համակարգի անհուսալիության մասին խոսում են ոչ միայն Արևմուտքի ներկայացուցիչները, այլև արդեն այդ մասին սկսել են խոսել ռուսները: Սակայն խնդիրն այն է, որ դե յուրե ՀՀ դատական համակարգն անկախ է, չի ենթարկվում ոչ մի գերատեսչության:
168.am-ը ՀՀ արդարադատության նախկին նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ներդրողների բողոքն ո՞ւմ պետք է ուղղել, և ե՞րբ կփոխվի այս իրավիճակը:
«Դատական համակարգի ներքին և արտաքին անկախության մասին է խոսքը: Ներքին անկախության հետ կապված՝ Սահմանադրությունը նոր հիմք է ստեղծել, և հիմա ինտենսիվ ընթանում է օրենսդրական նախագծերի նախապատրաստման գործընթացը»,- ասաց Դ. Հարությունյանը:
Հարցին` արդյոք այդ օրենքների ընդունումից հետո ներդրողները կկարողանա՞ն վստահորեն դիմել դատարան և երաշխիք կունենա՞ն արդարության, Դ. Հարությունյանը պատասխանեց.
«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ չեն կարողանում դիմել: Ասել` ես վստահ չեմ և դրա համար չեմ դիմում դատարան, լավագույն փաստարկը չէ»: