«Մեկ-երկու բացառություն եթե եղավ, դուք տապալված եք». Ռուբիկ Հակոբյանը՝ վարչապետին

Այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ասաց, որ իսկապես մեծ ռիսկ է՝ որպես կայացած մարդ, գալ և պատասխանատվություն վերցնել. «Պետք է ունենալ լուրջ ազգային ամբիցիա, որ ասեք՝ ես կարող եմ ինչ-որ բան անել։ Ինչ-որ բան անել, նշանակում է՝ նախ և առաջ կարողանալ հավատարիմ լինել այն սկզբունքներին, որ դուք ասացիք։ Առաջին բարձր մակարդակի պաշտոնյան է, որ ասում է՝ ես այդ հարցի պատասխանը չգիտեմ, ողջունելի է։ Մեզ մոտ ում ինչ հարց տալիս ես, ամեն հարցի պատասխանը գիտի, բայց զգում ես, որ, եղբայր, չէ, դու չգիտես, ուղղակի ուզում ես ասել, որ գիտես։ Դա լավ մոտեցում է, նշանակում է՝ շատ բան գիտեք։ Դուք այսօր մեծ ռեսուրս ունեք՝ սպասելիքներ կան, եթե դուք այդ սպասելիքները չարդարացնեք, այն, որ ձեզ վնաս կտաք, էդ ոչինչ, բայց որ հիասթափության մեծ դաշտ կբացվի, և մեր այս ծանր վիճակում դեմոգրաֆիան ավելի դաժան թիվ կարտահայտի, դա փաստ է։ Այն, ինչ ուզում եք ձեռնարկել, իրագործելու համար տարիներ, ամիսներ են պետք, որպեսզի արդյունքները տեսնեք»։

ԱԺ ամբիոնից պատգամավորը հայտարարեց. «Արագաչափերի, կարմիր գծերի գործարքը բացահայտ կոռուպցիոն գործարք է եղել, և, եթե որևէ մեկն ունի արժանապատվություն, տղամարդկություն, թող ինձ դատի տա։ Դուք միանգամից կարող եք դա վերացնել, և հավատացեք՝ հարյուրապատիկ կավելանա այն մարդկանց թիվը, որոնք կկանգնեն ձեր կողքին ու կասեն՝ տղամարդ վարչապետ է եկել։ Պետք է օրենքի գերակայության առաջ որևէ բացառություն չլինի, մեկ-երկու բացառություն եթե եղավ, դուք տապալված եք։ Եթե խաղի կանոնները չեք ճշտել, ճշտեք, բայց կարծում եմ՝ այդքան փորձ ունեք, որ ճշտած լինեք։ Բացառություն պետք է չլինի, բոլորը պետք է ենթարկվեն օրենքին»։

Տեսանյութեր

Լրահոս