Բեռլինում մեկնարկել են նորմանդական քառյակի բանակցությունները
Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Պյոտր Պորոշենկոյի, Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը տեղի է ունենում Գերմանիայի կանցլերի գրասենյակում: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
ՌԴ նախագահի հետ միասին հանդիպմանը մասնակցում են նաեւ նրա օգնական Վլադիսլավ Սուրկովը եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Բանակցությունները փակ են, անցկացվում են առանց լրագրողների մասնակցության:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նորմանդական ձևաչափում կայացած բանակցություններից անմիջապես հետո Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը սպասում է ԱՄՆ-ի և Եվրամիության արձագանքին Հալեպի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ բելգիական ավիահարվածների հետ կապված, որի արդյունքում մահացել է 6 խաղաղ բնակիչ, ևս 4ը վիրավորումներ են ստացել։ ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով, այդ շրջանում Բելգիայի երկու F16 կործանիչներ են նկատվել։ Բրյուսելը հերքում է իր ներգրավվածությունը սիրիական գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներին: