«Ադրբեջանի ու Թուրքիայի միջև շատ լուրջ հակասություններ կան, որոնց վրա պետք է խաղանք». Արման Նավասարդյան

«Ալիևը հաճախ է նման բաների դիմել. դրանք ես համարում եմ սպեկուլյատիվ հայտարարություններ։ Նա կարող է ասել, որ ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի անդամ կարող է դառնալ, դրանից առաջ Շանհայի մասին խոսակցություն է լինում, բայց դրանք բոլորը պրոպագանդիստական բնույթ են կրում ու ոչ մի լուրջ հետևանք չեն կարող ունենալ՝ նկատի ունենալով ԼՂՀ կոնֆլիկտի վերաբերյալ եղած դինամիկան:

Ալիևը հիմար մարդ չէ, լավ կրթություն ունի, բայց ինչ հիմա ասում է, դրանք ադեկվատ չեն: Դա պարզապես ուղղված է Ադրբեջանի ներքին օգտագործման և ազդելու համար այն խաղացողների վրա, որոնք անմիջականորեն կապ ունեն այդ խնդրի լուծման հետ: Եվ եթե նայենք վերջին հայտարարություններն արված՝ Լավրովի, Պուտինի, Չավուշօղլուի կողմից, ապա Ալիևի հայտարարության տակ ոչ մի լուրջ բան չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման գնահատական տվեց Ալիևի հայտարարություններին Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Միևնույն ժամանակ՝ դեսպանը նշեց, որ Լավրովի հայտարարությանը լուրջ է վերաբերվում.

«Մենք երբեք չենք համաձայնի, որ Թուրքիան մասնակցի ԼՂՀ հարցի կարգավորմանը։ Լավրովն ասաց, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ կարգավորման հարցում: Տողատակն այն է, որ կարող են Թուրքիային արտոնություններ տալ, բայց դա կնշանակեր, որ Թուրքիան մասնակցելու է գործընթացին՝ առաց Ադրբեջանին հաշվի առնելու, դրա համար Ալիևը վրդովվել է: Ադրբեջանի ու Թուրքիայի միջև շատ լուրջ հակասություններ կան, որոնց վրա պետք է խաղանք»։

Անդրադառնալով ՀԱՊԿ գագաթաժողովին՝ դեսպանն ասաց, որ կային և՛ դրական, և՛ բացասական նշանակություններ Հայաստանի համար.

«Դրականն այն էր, որ կազմակերպությունն առաջին անգամ գծեց ճանապարհային քարտեզ՝ մինչև 2025 թիվը: Առաջին անգամ ՀԱՊԿ-ն հանդես եկավ՝ որպես գլոբալ կազմակերպություն: Նման հայտարարություններ երբեք չեն եղել, որ նա ցանկանում է դառնալ աշխարհաքաղաքական խաղացող: Բայց հայտարարվեց, որ դա չի արվելու՝ ի հակադրություն ՆԱՏՕ-ի: ՌԴ-ն օգտագործեց երևանյան դաշտը՝ ցույց տալու համար, որ պատրաստ է մեղմելու իր հարաբերությունների սրվածությունն ԱՄՆ-ի հետ»։

Տեսանյութեր

Լրահոս