Արդարադատության ոլորտի առաջնահերթությունները սահմանված են կոնկրետ միջոցառումների տեսքով
Արդարադատության ոլորտում կառավարության առաջնահերթությունները սահմանված են կոնկրետ միջոցառումների տեսքով: Այդ մասին կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Կառավարության ծրագրում կոնկրետ գործողությունների տեսքով շարադրված են այն միջոցառումները, որոնք նախատեսվում են կյանքի կոչել առաջիկա 36 ամիսների ընթացքում: Առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվելու են մի շարք կարևորագույն միջոցառումներ` ապօրինի հարստացման քրեականացում, շահերի բախման ինստիտուտի ներդրում, փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնում, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի հստակեցում, ինչը նշանակում է հստակ մարմին՝ հստակ պատասխանատվությամբ»,- ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով` արդարադատության ոլորտում երկրորդ կարևորագույն շեշտադրումը վերաբերում է դատական համակարգին: Այդ առումով, նախատեսվում է գործերի ողջամիտ քննությունն ապահովելու համար արդյունավետ մեխանիզմների ներդրում, դատավորների ծանրաբեռնվածությունը որոշելու համար չափանիշների սահմանում, «քանի որ քաղաքացիները հաճախ են դժգոհում դատական նիստերի ուշ նշանակման հետ կապված»:
«Նախատեսվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագրի հաստատում, որը կարմիր թելի նման հիմնված է լինելու հետևյալ սկզբունքի վրա. պետական ծառայողների համար պետք է ներկայացվի ավելի հստակ ու կոնկրետ պատասխանատվություն, որպեսզի նրանք գործողությունների ընթացքում առաջին հերթին հաշվի առնեն քաղաքացիների շահերը»,- ասաց Հովհաննիսյանը:
Հարցին` նախորդ կառավարության ծրագրի համեմատ ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել գործադիրի այս ծրագրում` նախարարը պատասխանեց. «Ի տարբերություն նախորդ կառավարության ծրագրի` առաջնահերթությունները սահմանված են կոնկրետ միջոցառումների տեսքով»: