«Ադրբեջանական դոմեյնները չենք կարող վերահսկել». փոխոստիկանապետ

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր ՀՀ նախագահի կողմից 2014թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրած Տեղեկատվական ոլորտում հանցավոր գործունեությանը հակազդման հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցության մասին արձանագրությունը վավերացնելու մասին հարցը, որն արդեն վավերացրել են Բելառուսն ու Ղազախստանը։ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախագիծը ներկայացնող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից հետաքրքրվեց, թե ադրբեջանական հակահայ քարոզչության դեմ ի՞նչ քայլեր են իրականացվում։

«Արձանագրությունը ՀԱՊԿ անդամ պետությունների համար է, ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, ես դա կընդունեմ՝ որպես հորդոր կիբեռանվտանգության ծառայության միջոցով որոշակի քայլեր անելու համար։ Ադրբեջանական դոմեյնները չենք կարող վերահսկել»,- պատասխանեց փոխոստիկանապետը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին էլ հետաքրքրում էր, թե ապրիլյան պատերազմից առաջ տեղեկատվական դաշտում ՀԱՊԿ անդամ մեր գործընկերների հետ որոշակի փոխադարձ պարտավորություններ ունեի՞նք, որպեսզի ստանայինք որոշակի տեղեկատվություն. «Ինքներդ որոշեք՝ այս հարցին պատասխանե՞լ, թե՞ ոչ»։

Փոխոստիկանապետը նշեց, որ հարցն իրոք Ոստիկանությանն ուղղված չէ. «Այնուամենայնիվ, տեղեկացնեմ, որ մենք գործում ենք ինչպես՝ կոնվենցիայի շրջանակներում, այնպես էլ՝ ԱՊՀ մասնակից պետությունների համապատասխան համաձայնագրի շրջանակներում։ Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, որ նկատի ունենք, բնականաբար, այդպիսի տեղեկատվություն մենք չէինք կարող ստանալ ՀԱՊԿ անդամ պետություններից, քանի որ դրանք կատարվում են զուտ քրեական գործերի շրջանակներում։ Արձանագրության  մեջ էլ ասվում է, որ բացառվում է զինվորական և նման այլ բնույթի տեղեկությունների փոխանակումը»։

Տեսանյութեր

Լրահոս