«Ալիևը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը». Շարմազանովի պատասխանը Չեմբեռլենին

«Իլհամ Ալիևը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1988թ. սկսել է պայքարել ազատ և անկախ ապրելու իրավունքի համար: Եթե պարոն Ալիևը տեղյակ չէ, ապա ես տեղեկացնեմ, որ բանակցային սկզբունքներից մեկն ինքնորոշման իրավունքի իրացումն է: Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ ինքնորոշման իրավունքի իրացումը երեք սկզբունքներից մեկն է՝ տարածքային ամբողջականության և խաղաղ կարգավորման հետ մեկտեղ: Ադրբեջանի կազմում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գոյությունը լավագույն վկայությունն է, որ հայերը չեն կարող ապրել ինքնավար հանրապետության քաղաքացու կարգավիճակում Ադրբեջանի կազմում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն:

Ըստ նրա` նյութական, հոգևոր մշակութային հուշարձանների` տասնյակ-հազարավոր խաչքարերի, որոնք համարվում են ոչ միայն հայկական, այլև միջազգային մշակութային հուշարձաններ, քանդումը բարբարոսություն է, և ադրբեջանցիներն անգամ  Նախիջևանում խաչքարերի հանդեպ չկարողացան հանդուրժող լինել, հայ ժողովրդի նկատմամբ ինչպե՞ս պետք է հանդուրժող լինեն:

Արցախի ժողովուրդը պետք է օգտվի ազգերի ինքնորոշման իրավունքից և ինքը որոշի իր ճակատագիրը:

Նա վստահություն հայտնեց, որ Արցախի ժողովուրդը կկատարի նույն ընտրությունը, ինչ 1991 թվականին: Է.Շարմազանովի կարծիքով` Ալիևի հայտարարություններն անտեղի են, և, եթե Ալիևը ցանկացել է ասել՝ «անկախ հանրապետություն», գուցե  դա է ճիշտը:

Է. Շարմազանովը նշեց, որ ստեղծման պահին ՄԱԿ-ն ունեցել է 57 անդամ պետություն, այսօր 193 պետություններ են.

«Այս 50 տարվա ընթացքում Ալիևը, ուզի թե չուզի, աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով, և անհնար է գետի հունին հակառակ լողալ: Արցախի միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի խնդիր է: Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հանրապետություն է, հարկ եղած դեպքում ժողովրդավարության դասեր կտա սուլթանական Ադրբեջանին: Արցախի ճանաչման խնդիրը ժամանակի խնդիր է: Մեզ համար ամենակարևորը կարգավիճակի հարցն է: Արցախը ոչ մի կարգավիճակում չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը պարոն Չեմբեռլենին»,- ասաց նա:

Թե ինչո՞ւ չի կայանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, Է.Շարմազանովը նշեց, որ հայկական կողմը չի ձգձգողը: Նրա խոսքով` ՀԱՊԿ-ի գագաթաժողովում կոչ արվեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Նա հարցադրում արեց` Ադրբեջանը որևէ գործնական քայլ կատարե՞լ է այդ ուղղությամբ: Է.Շարմազանովը հայտարարեց, որ խնդիրն ադրբեջանական կողմում է, եթե «ադրբեջանցիները» փոխզիջում ասելով՝ հասկանում են՝ ինքնավար հանրապետություն, ուրեմն նրանք տվայտանքների մեջ են: Նրա խոսքով` փոխզիջումը ԼՂՀ միջազգային ճանաչումն է, իս թե ինչի՞ դիմաց` կորոշի ԼՂ-ն, երբ դառնա բանակցությունների լիարժեք կողմ:

Է.Շարմազանովը նկատեց, որ, եթե Ալիևի հարցազրույցը նկարահանվել է ՀԱՊԿ գագաթաժողովից հետո, և գուցե դա պատասխանն էր ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հայտարարությանը, մանավանդ, որ այսօր ալիևամերձ քաղաքագետները խոսում են, որ Մոսկվան հայերի ճնշման ներքո փոխել է իր դիրքորոշումը և այլևս չունի ադրբեջանամետ դիրքորոշում:

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ չի բացառվում, որ Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, Է.Շարմազանովը նշեց, որ, եթե դա չի բացառում, ապա չպետք է բացառի նաև ԼՂ միջազգային ճանաչումը:

Տեսանյութեր

Լրահոս