«ԼՂՀ-ում զիջումներ անելու տրամադրություններ չկան ու չեն լինի». Գառնիկ Իսագուլյան
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ԼՂՀ ում տեղի են ունենում գործընթացներ, որոնք պատասխան են երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մեր բոլոր հարցերին.
«Քառօրյայից հետո խոսվում էր այն մասին, թե ԼՂՀ-ում իրավիճակն այնպիսին է, որ կարող է զիջումներ լինեն, ուստի այն, ինչ տեղի է ունենում ԼՂՀ-ում, պետք է լուսաբանվի, որ նման խոսակցություններ չլինեն։ Վերջին 10 տարիների ընթացքում ԼՂՀ-ում տնտեսական աճը միշտ երկնիշ է եղել, այնտեղ հասարակության ու պաշտոնյաների հարաբերություններն այնքան ջերմ են, որ լավ կլինի՝ դա տեղափոխվի նաև Հայաստան»։
Իսագուլյանի խոսքով՝ ԼՂՀ-ում զիջումներ անելու տրամադրություններ չկան ու չեն լինի.
«Մանուկ երեխայից մինչև ամենատարեց մարդը նման ցանկություն չունեն։ Այն աշխատանքները, որ տարվում են սահմանի երկայնքով, չեմ կարծում, թե որևէ մեկի մոտ կարող են կարծիք ստեղծել, թե այդ երկրի ղեկավարությունը երբևէ զիջման կգնա։ Այդ խոսակցությունները մի նպատակ ունեն՝ շահարկել խնդիրն ու հասարակության մեջ առաջացնել տրամադրություններ, թե իբր գնում են զիջումների, ու դրա հիման քաղաքական դիվիդենտներ շահել»։
Իսկ ՀԱՊԿ՝ ԼՂՀ հակամարտության վերաբերյալ հայտարարությանն անդրադառնալով՝ ասաց, որ որևէ արտառոց բան դրանում չկա։
«Ապրիլյան քառօրյայից հետո հետևություններ արվել են, աշխատանքներ տարվում են, դրանց մասին չեմ բարձրաձայնի։ Թալիշ գյուղում կառուցվում է բավականին բարձր պատնեշ, որի ավարտից հետո Թալիշը նորից բնակեցվելու է»,- ասաց նա։