
«Կառավարության ծրագիրը հավակնոտ է, իսկ Ընտրական օրենսգիրքը չի «մահացել»». Հովհաննես Սահակյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը ՀՀ կառավարության նոր ծրագիրը հավակնոտ է համարում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այն հիմնված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի վրա՝ այնպես, ինչպես նույն ելույթից էին բխում նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարությունների ծրագրերը:
Հ. Սահակյանը չհամաձայնեց, որ Ընտրական օրենսգիրքը (ԸՕ) «մահացավ» Գյումրիում ու Վանաձորում տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ժամանակ: Ըստ նրա` եթե թվային համեմատություն արվի նախորդ և այս ընտրությունների միջև, ապա կերևա, որ ԸՕ-ն չի մահացել.
«Եթե կա որևէ խնդիր թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում, ապա դրա մասին այստեղ խոսող մեր գործընկերներն առնվազն ԸՕ քննարկումների ժամանակ պետք է բարձրաձայնեին: Բոլորը գալիս ուրախ, զվարթ խոսում, քվեարկում, թողնում-գնում են, այնուհետև փորձում են ցեխ շպրտել: Այդպես ճիշտ չէ: Վանաձորում ավելի ճիշտ է, որ 15 մանդատ ունեցող թեկնածուն ունենա քաղաքապետի պաշտոնը, ոչ թե 10 մանդատ ունեցողը: Ցանկացած թվաբանության մեջ 13-ն ավելի մեծ է, քան 15-ը»:
Ըստ նրա, ԸՕ-ում գրված չէ, որ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում են ունենում քաղաքապետ: