
Կառավարության ծրագիրն առաջինը կքննարկվի ՀՀԿ-ում

Այսօր երեկոյան` ժամը 8-ին, հրավիրվել է ՀՀԿ խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելու է կառավարության ծրագիրը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Քաղաքական մեծամասնությանը, ՀՀԿ խմբակցությանը, խորհրդի անդամներին վարչապետը կներկայացնի կառավարության ծրագիրը, նիստը կվարի ՀՀ նախագահը: Երբ ծրագիրը կունենա ավարտուն տեսք, հուսով եմ և համոզված, որ այս շաբաթվա ընթացքում Ազգային ժողովը կքննարկի»,- ասաց Է.Շարմազանովը:
Նա նշեց, որ կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 23-ին, ծրագիրը ժամկետների մեջ կներկայացվի: