«Չեմ կարծում, թե ՀԱՊԿ անդամ պետոթյունները չգիտեն՝ ով է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայաստանյան թեկնածուն». Ստյոպա Սաֆարյան
«Չեմ կարծում, թե ՀԱՊԿ անդամ պետությունները չգիտեն՝ ով է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայաստանյան թեկնածուն։ Այլ հարց է, թե ինչ տեսանկյունից են նրան նայում. եթե ադրբեջանական լոբբինգի տեսանկյունից են նայում, ապա դեմ կլինեն, օրինակ՝ ապրիլյան պատերազմին ակտիվություն դրսևորած թեկնածուին։ Թեկնածուին նայել՝ որպես պրոֆեսիոնալ մասնագետ այդ պաշտոնի համար, նրանց իրավունքն է, բայց հաշվի առնել, որ այս կամ այն թեկնածուն կապ է ունեցել Ղարաբաղյան պատերազմի հետ, ընդունելի չէ»,- այսօրվա քննարկմանն այսպես արձագանքեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը քննարկման մասնակից, Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովի հայտարարությանը։ Վերջինս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետաձգումը բացատրել էր նրանով, որ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուի անունը։
Ա.Կռիլովը նշեց, որ համամիտ չէ հայ փորձագետների՝ ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի ճակատագրի վերաբերյալ ունեցած բացասական վերաբերմունքի հետ. «Մենք պետք է հասկանանք, որ մյուս միջազգային կազմակերպություններն էլ նույնանման խնդիրներ ունեն։ Շատ բան կախված է անդամ պետության քաղաքականությունից, հասարակությունից: Դուք պետք է հաշվի առնենք ձեր ընդհանուր հետաքրրությունները դրա անդամ պետությունների հետ։ Եթե Հայաստանը տեսնում է, որ իր համար շահավետ չէ ՀԱՊԿ կազմում գտնվելը, ապա իրավունք ունի այլ ուղիներ փնտրելու։ Թե ինչ է ուզում հայ հասարակությունը, կերևա ընտրություններին։ Հույս ունենանք, որ ընտրությունների արդյունքում այնպիսի մարդիկ կգան իշխանության, որոնք ժողովրդի կամքով կորոշեն՝ ինչ ուղղությամբ գնալ»։