«Շատ բաներ, որ ուզել է Ռուսաստանը, մենք արել ենք, իսկ այն պահին, երբ նրա աջակցության կարիքն ունեինք, չստացանք». Ստեփան Գրիգորյանը՝ Ալեքսանդր Կռիլովին

«Հետաքրքրությունները տարբեր են։ Պետք չէ Հայաստանից սպասել, որ Ղրիմի հարցում աջակցություն կհայտնի Ռուսաստանին, կամ Ղազախստանից սպասել, թե կաջակցի Հայաստանին Ղարաբաղի հարցում։ Մենք պետք է համագործակցության եզրեր գտնենք այնտեղ, որտեղ մեր հետաքրքրությունները համընկնում են, իսկ դրանք շատ հարցերում են համընկնում։ Բայց հիմա Հայաստանում մեծ խնդիր կա. Մենք տեսնում ենք, որ ռուս-հայկական գործոնը շատ քաղաքական ուժեր փորձում են ներքաղաքական դաշտում օգտագործել։ Դա շատ վտանգավոր է։ Ամեն դեպքում, Ռուսաստանի համար ամենակարևորն այն է, որ Հայաստանը լինի հաջողակ ու ստաբիլ պետություն, ու խնդիրները լուծվեն երկխոսությունների միջոցով»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց տեսազանգով քննարկմանը միացած՝ Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նկատեց՝ այո, Հայաստանը չի ճանաչել Ղրիմը, բայց բոլոր պաշտոնական  ու ոչ պաշտոնական հայտարարություններով Հայաստանն աջակցել է Ռուսաստանին. «Հենց սրա հետ է կապված այն, որ հայերը Ռուսաստանից ավելի մեծ սպասելիքներ ունեին, քան եղավ ապրիլյան պատերազմին։ Նույնիսկ տարածաշրջանային նախագծերում, որտեղ ՌԴ-ն չի ցանկացել, որ Հայաստանը մասնակցի, Հայաստանը չի մասնակցել։ Մեր ենթագիտակցության մեջ արդեն կա՝ շատ բաներ, որ ուզել է Ռուսաստանը, մենք արել ենք, իսկ այն պահին, երբ նրա աջակցության կարիքն ունեինք, չստացանք»։

Տեսանյութեր

Լրահոս