ՄԱԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարն առաջարկում է փախստականներին տեղաբաշխել աշխարհի բոլոր երկրներում
ՄԱԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել փախստականներին ողջ աշխարհի երկրներում տեղաբաշխելու օգտին, հայտնում է գերմանական DW-ի ծառայությունը:
«Մենք պետք է աջակցենք նրանց ավելի շատ, քան նախկինում և տեղաբաշխենք փախստականներին ողջ աշխարհի երկրներում: Մենք տեղաբաշխման զանգվածային և արդյունավետ համակարգի կարիք ունենք: Ոչ միայն Եվրոպայում, այլև Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, Ավստրալիայում»,- բացատրել է նա:
Նրա կարծիքով՝ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիբանանը, Թուրքիան կամ Հորդանանը, պետք է ազատվեն փախստականների մեծ ճնշումից:
Միաժամանակ, նա բերել է 1970-ականների օրինակը, երբ համաշխարհային հանրությունը օգնել է Վիետնամի փախստականներին:
Բացի այդ՝ Գուտերեշը հանդես է եկել ՄԱԿ-ի «մենթալիտետի փոփոխության» օգտին: Նրա կարծիքով՝ կազմակերպությունը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի ճգնաժամերի կանխման հարցում:
«Դիվանագիտությունը պետք է կանխի հակամարտությունները, սակայն մենք նաև պետք է նպաստենք կենսապայմանների բարելավմանը, անվտանգությանը, մարդու իրավունքների վիճակին և սահմանափակենք կլիմայի հետևանքները»,- ընդգծել է նա: