Սիբիլ՝ «Վանա լճին»

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը հոկտեմբերի 14-ին Երևանում ներկայացրեց իր նոր՝ «Վանա լճին» կոչվող երգի տեսահոլովակը: Երգի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Անդրե Սիմոնյանը, տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գևորգյանը: Ըստ երգչուհու, երգն ու տեսահոլովակը ներկայացնում են հայի հույզերն ու կարոտը: «Այս երգը զրույց է Վանա լճի հետ»,- ասում է երգչուհին։ 2_640x853

«Պատասխան՝ 100 տարի անց» նախագծի շրջանակում Արևմտյան Հայաստան կատարված ուխտագնացության տպավորությունների ներքո, երբ հարյուրամյա կարոտներից հետո հանդիպեցին հայն ու Վանա լիճը, նրանց զրույցը դարձավ երգ։ Ինձ համար՝ որպես հեղինակի, դժվար չէր տեսնել այն երգչուհուն, ով պետք է մարմնավորեր հայի հավաքական կերպարն ու, իբրև մի նոր Ախթամար, ներկայացներ հայությանը միավորող հույզերն ու երազանքները։ Այդ Ախթամարը Հայոց ցեղասպանությունից հետո Պոլսում հաստատված նախնիների շառավիղ հանդիսացող և այդ հողի վրա Հայի գոյությունը պահող հայուհի Սիպիլն է, ով անմիջապես զգաց, որ այդ երգն իրենն է»,- ասում է երգի հեղինակ Հասմիկ Հախվերդյանը։ 4_640x853

«Թեպետ ես որպես հեղինակ ներկա չեմ եղել այդ ուխտագնացությունների ժամանակ Արևմտյան Հայաստանում, բայց ինձ այդ ընթացքում պարբերաբար զանգահարում էին, տպավորություններ էին հայտնում: Վանա լիճը որպես մեր կարոտների խորհրդանիշ կա իմ մեջ, ինչպես որ կա յուրաքանչյուրիս մեջ»,- մեզ հետ զրույցում նշեց Հասմիկ Հախվերդյանը:

Մեր դիտարկմանը, որ շարունակ խոսում ենք Արևմտյան Հայաստանի հանդեպ ունեցած կարոտից, գրում, երգում, պատմում այդ մասին, բացահայտ անտեսելով, որ Արևելյան Հայաստանի բնակիչների կեսը վաղուց արդեն կարոտում է իր ներկայիս հայրենիքը՝ ստիպված լինելով լքել այն, Հասմիկը պատասխանեց. «Այս պահին մենք ունենք պետություն: Պետությունն ունի գործառույթներ՝ այդ մարդկանց վերադարձնելու կորցրած հավատը, որի արդյունքում նրանք հայտնվել են օտարության մեջ: Բայց այդ ամենի պատճառը միայն պետությունը չէ: Մենք պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ինչ-որ բանով օգնի իր հայրենիքին, նոր միայն պահանջներ ներկայացնի»: 5_640x420

«Ես երկու տուն ունեմ: Հայաստանն իմ հարազատ տունն է: Սեպտեմբերի 21-ին հիանալի տոն էր ինձ համար, մեզ բոլորիս համար: Բայց ես չեմ ուզում, որ այդ հիացմունքն ու երջանկությունը լիներ միայն տոն օրերին: Ինձ համար շատ ավելի կարևոր է իմանալ, որ իմ հայրենակիցները երջանիկ են իրենց հայրենիքում: Ուզում եմ, որ իմ հայերը բարեկեցիկ կյանքով ապրեն, ապահով լինեն: Դրա համար պետք է, որ նրանք աշխատանք ունենան, կարողանակ գումար աշխատել, լավ զգան իրենք իրենց հայրենիքում»,- մեզ հետ զրույցում նշեց Սիբիլը: 6_640x853

Մեր հարցին, թե իր ճանաչած սփյուռքահայերը կարոտելուց բացի, Հայաստանում բնակություն հաստատելու մտադրություն ունենու՞մ են, թե՝ ոչ, Սիբիլը պատասխանեց. «Իմ ծանոթներից շատերն անգամ բնակարաններ են գնել Հայաստանում: Հուսամ մի օր էլ ես կունենամ բնակարան Հայաստանում»:

Տեսահոլովակի պրոդյուսերը Անդրե Սիմոնյանը նշեց, որ մտադրություն են ունեցել նկարահանելու մի տեսահոլովակ, որն իր պատկերաշարով չէր խանգարի երգին: Այդ իսկ պատճառով այն բավականին պարզ է ստացվել: Ի դեպ երգի մեջ հնչում է միայն դաշնամուր և թավջութակ, իսկ Սիբիլի յուրահատուկ թրթիռ ունեցող ձայնն էլ ավելի է գեղեցկացնում երգը: 3_640x853

Տեսանյութեր

Լրահոս