Հրաչ Բերբերյանը դիմում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին. նա վտանգ է տեսնում

«Այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չկան, որովհետև բերքը քիչ է: Խնդիրները նախորդ տարվանից են մնացել. մի քանի մթերող ընկերություններ դեռ նախորդ տարվա պարտքերը չեն տվել: Այս տարվա բերքը նախորդ տարվա բերքի կեսից էլ քիչ է: Սեղանի սորտերի գինն այսօր 1000 դրամից չի իջնում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Փոխարենը՝ նա այս տարի այլ վտանգ է տեսնում. «Նախորդ տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ ունեցող գյուղացիներն այս տարի խաղողի այգիները չեն մշակել: Նույնիսկ թունաքիմիկատների համար գումար չեն ունեցել: Գյուղնախարարը հայտարարեց, որ, եթե այդ գումարները չտան, ստուգումներ կնշանակեն: Նախ՝ զարմացած եմ, թե ինչ ստուգումներ պետք է անցկացնեն, ինչ ոգով, երբ պետությունը մասնավոր սեկտորին պետք է ստուգի: Երկրորդ՝ գաղափարը լավն է, բայց գուցե առաջինը հարկավոր է ստուգումները սկսել Երևանի կոնյակի գործարանի՞ց: Ստուգողներն էլ պետք է լինեն անկախ ու որևէ ազդեցության տակ չգտնվող մարդիկ: Ես կարող եմ առաջարկել մարդկանց, որոնք լավ մասնագետներ են, ու նման խնդիրներ չեն առաջանա»:

Նա նաև նշեց, որ համամիտ է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ. «Այսօրվա գինեգործության, կոնյակագործության վիճակը միայն ու միայն վատ կառավարման արդյունք է: Այստեղ գյուղացին որևէ խնդիր չունի»:

Նա նաև հայտարարեց, որ Հայաստան է ներմուծվում էժան սպիրտ. «Այնպես որ, այս հարցը շատ լուրջ մոտեցում է պահանջում: Ես դիմում եմ վարչապետին, որ այդ ստուգումներն անցկացվեն, ու այսօրվա գինեգործության, կոնյակագործության վիճակը պարզ դառնա բոլորիս համար: Միանշանակ ասում եմ, որ այսօրվա վիճակը գյուղացու հետ որևէ կապ չունի, դա վերամշակողների վատ կառավարման արդյունքն է»:

Տեսանյութեր

Լրահոս